Չի կարելի խաղաղությունը և զինվելը, բանակը բարեփոխելը հակադրել միմյանց․ դա նույն բանն է․ Արմեն Խաչատրյան 

Չի կարելի խաղաղությունը և զինվելը, բանակը բարեփոխելը հակադրել միմյանց․ դա նույն բանն է․ Արմեն Խաչատրյան 

Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանից MediaHub-ը հետաքրքրվեց՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցն ու հայ-ֆրանսիական զորավարժությունները արդյոք նշանակո՞ւմ են, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ ձևով կամաց-կամաց մտնում է Հայաստան։ 

«Ոչ, նման բան չկա, բայց հայ-ֆրանսիական հարաբերությունների այսպիսի զարգացումը ենթադրում էր, որ տարբեր բնագավառներում լինելու է ավելի սերտ համագործակցություն, և, իհարկե, պաշտպանության բնագավառում էլ այդ սերտ համագործակցությունը կա և դեռևս զարգացման միտումներ ունի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ 

-Հիմա մենք փոխո՞ւմ ենք մեր ռազմական համագործակցության ուղղությունը և թեքվում ենք դեպի Արևմուտք և, մասնավորապես, Ֆրանսիա, և Ռուսաստանից հրաժարվո՞ւմ ենք, առհասարակ, թե՞ պահպանելու ենք ՌԴ-ի հետ համագործակցությունը։ 

-Մենք հավասարակշռում ենք մեր հարաբերությունները, իհարկե ՌԴ հետ էլ մենք հարաբերություններ ունենք և փորձելու ենք զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Բայց այս պահի դրությամբ ՀՀ զինված ուժերի համար բոլոր հեռանկարային ուղղություններն են ուսումնասիրվում, և այն ուղղությունները, որոնք մենք ակնկալում ենք արևմտյան երկրներից, մենք աշխատելու ենք իրենց հետ, մենք ակնկալում ենք Ռուսաստանից, ՌԴ հետ ենք աշխատելու։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ մենք հիմա խաղաղության գնալով, պատրաստվում ենք նաև պատերազմի՝ միաժամանակ զինվելով Արևմուտքից։ 

-Զինված ուժերն իր առջև դրած սահմանադրական խնդիրները լուծելու համար պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ և համապատասխանի ժամանակի պահանջներին, և այս ուղղությամբ կարելի է ասել՝ հրատապ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մեր բանակի մեջքն ուղղենք։ Բացի դրանից, աշխարհաքաղաքական մարտահրավերները, որ այսօր գոյություն ունեն, բանակն ի զորու պետք է լինի այդ խնդիրները կատարելու։ Խաղաղության բաղարդիչներից մեկը հենց համապատասխան ժամանակակից որակի զինված ուժեր ունենալն է։ 

-Չնայած որ մենք Ալիևին ու Ադրբեջանին նույն հարցը չենք ուղղում՝ չգիտես, թե ինչու, բայց Ալիևը այդ հարցը մեզ ուղղում է, թե «մի կողմից խաղաղության է պատրաստվում Հայաստանը, մյուս կողմից զինվում է»։ Կարո՞ղ ենք մենք ուղիղ իրեն ասել, որ մենք զինվում ենք, որպեսզի պարտադրենք այդ խաղաղությունը։ 

-Չի կարելի խաղաղությունը և զինվելը, բանակը բարեփոխելը հակադրել միմյանց․ դա նույն բանն է նշանակում։ Ինչքան մեր բանակը հզոր լինի, էնքան մեր խաղաղության ձգտումները շատ ավելի մոտիկ կլինեն դրան։ 

-Ձեր ասածին չի՞ հակադրվում, արդյոք, այն, որ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հայտարարեց, թե ինքը հրաման է տվել, որ մենք չկրակենք։ Եթե մենք չենք կրակելու կամ չենք պաշտպանվելու, եթե մեր նկատմամբ սադրանք լինի, այդ դեպքում ի՞նչ ենք անում զենքը ու այդտեղ կանգնած զորքը։ 

-Պաշտպանական գործողությունների հստակ պլան կա, թե երբ, ինչ դեպքում զինծառայողներն ինչ գործողությունների պետք է դիմեն՝ պաշտպանությունից անցնեն այլ գործողության, պաշտպանությունից անցնեն այլ գործողությունների, և նրանք պետք է հստակ առաջնորդվեն միայն այդ պլանով նախատեսված գործողություններով։ Եթե խախտվում է զինվորական կարգապահությունը, այստեղ առաջանում է նաև կարգապահական բնույթի խախտումների որակավորելու հարց, ընդհուպ՝ մինչև քրեական պատասխանատվություն։

-Իսկ դա պե՞տք է հրապարակավ հայտարարել, որ թշնամին էլ իմանա և օգտվի դրանից, որ մենք ենք խախտել՝ ենթադրաբար։ 

-Այն, ինչ անհրաժեշտ է, Հայաստանի Հանրապետությունը բաց է և որևէ բան չի կոծկում, և հենց այս իրավիճակից ելնելով՝ միջազգային հանրության արձագանքները շատ ավելի ադեկվատ են լինում, քան նախկինում էր, որովհետև մենք օբյեկտիվ գնահատական ենք տալիս սահմանին տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։ Բացի դրանից, Դուք գիտեք, որ քաղաքացիական առաքելություն էլ կա, նրանք էլ փորձում են բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծություն անել իրավիճակի և ներկայացնել իրենց համապատասխան մարմիններին։ Հայաստանի Հանրապետությունը որևէ բան կոծկելու, որևէ բան խաբելու չունի։

-Բայց դրանից օգտվում է Ադրբեջանը․ ինքը կոծկում է և իր սխալները շատ դեպքերում մեզ է վերագրում, իսկ մենք մեր սխալի կամ նույնիսկ թույլ չտված սխալի մասին բաց հայտարարում ենք՝ հնարավորություն տալով, որ Ադրբեջանը դրանից օգտվի։

-Եթե զգացել եք, Ադրբեջանի կոծկումները, սխալները և սադրանքները այլևս այդպիսի ուժգնություն չունեն, և աշխարհին շատ կարճ ժամանակահատվածում հայտնի են դառնում ադրբեջանական սադրանքները։

-Իսկ ի՞նչ է դա մեզ տալիս․ աշխարհը, միջազգային հանրությունը դեկլարատիվ հայտարարություններից բացի ուրիշ կերպ ՀՀ-ին չի աջակցել դեռևս։ 

-Դա տալիս է այն, որ այսօր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը գալիս է Հայաստան, և որ ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն է սկսել տարբեր երկրների հետ։

-Այսօր տեղեկացանք, որ եվրոպացի դիտորդները չեն կարողացել մտնել Ներքին Հանդ՝ դիտարկումներ անելու։ Տեղեկությու՞ւն ունեք, թե ինչի մասին է խոսքը։ 

-Կարծում եմ՝ եվրոպացի դիտորդների այն հայտարարության մասին է խոսքը, որ չեն կարողացել մտնել այն տարածք, որը սահմանային գոտի է, և որի պատասխանատվությունը ռուսական սահմանապահ զորքերինն է եղել․ այդտեղ այդպիսի խնդիր եղել է։ 

-Այսինքն՝ ռուսնե՞րը չեն թողել։ 

-Իրենց պատասխանատվության գոտում, այո, չեն թողել։ 

Վահե Մակարյան