Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը 200 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե․ փողը կա՝ ծախսելու տեղ չկա

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն այսօր կառավարության նիստում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկով առաջարկում է իր կառույցի տնտեսած գումարները հետ ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ։
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2024 թվականի պետական բյուջեի տնտեսված միջոցների հաշվին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին գումար հատկացնելու նպատակով:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 1237 ծրագրի «11001 արտաքին հետախուզական գործունեության կազմակերպում» միջոցառման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի 200 մլն դրամ գումարի չափով տնտեսումներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին: Տնտեսումները պայմանավորված են Ծառայությունում առկա մի շարք թափուր հաստիքներով: Հետագայում աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:
Փաստորեն, նորաստեղծ այս կառույցը, որի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ, և մարդիկ չգիտեն՝ ինչով է զբաղվում այս «հույժ կարևոր» կառույցը՝ իր հույժ կարևոր ղեկավարով, որը նշանակման օրվանից ի վեր՝ երբևէ որևէ բառ հրապարակավ արտահայտած չկա, փաստացի պարապ է ու ոչ մի բանով չի զբաղվում ու ծախս չի անում։ Իսկ ծախս չի անում, որովհետև աշխատող չունի՝ երևի միայն Քրիստիննե Գրիգորյանն է այնտեղ ու վարորդը, դրա համար էլ բյուջեով հատկացված գումարները ծախսելու տեղ չեն ունեցել, քանզի ո՛չ համալրված հաստիք ունեն, որ աշխատավարձ տան, ո՛չ էլ գործ են անում, որ մի տեղ գնան, մի բան առնեն ու դրա վրա գոնե ծախսեն։ Կարճ ասած՝ անիմաստ կառույց, որը էլի լավ է, որ այդքան բարեխղճություն ունի՝ իր չծախսած և տնտեսած գումարները հետ է վերադարձնելու պետբյուջե։
Վահե Մակարյան