Իսրայելի հրթիռահարման հետևանքով վիրավորվել է հայ համայնքի ներկայացուցիչը. մանրամասներ

Իսրայելի հրթիռահարման հետևանքով վիրավորվել է հայ համայնքի ներկայացուցիչը. մանրամասներ

Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ։ Երեկ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարեց, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ։ Սակայն, Հայֆայի ուղղությամբ հրթիռահարումները շարունակվում են արդեն մի քանի օր:

«Հըզբոլլահը»  պնդում է, որ իրենց թիրախը եղել է Հայֆայի ռազմաբազան։ Ինչպես հայտնի է, սա առաջին դեպքն է, երբ «Հըզբոլլահի» արձակած հրթիռներն ընկել են Իսրայելի հյուսիսում։ Մինչ այդ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել էր, որ Հայֆայի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակվել. մի մասը կարողացել են խոցել, մի մասն էլ ընկել է քաղաքի վրա։

MediaHub-ը տեղեկացավ, որ Հայֆայի հրթիռակոծության ժամանակ վիրավորվել է նաև մեր հայրենակիցներից մեկը՝ Դավիթ Միրզոյանը: Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք «Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանի հետ: 

Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունը.

«Այո, ունենք մեկ վիրավոր՝ Դավիթ Միրզոյանը: Նա ծնունդով Ուզբեկստանից է, Իսրայել են տեղափոխվել 1993 թվականին՝ Սամարղանդից: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի հրթիռակոծության ժամանակ: Ստացել է թեթև վնասվածքներ, տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, հաշվի առնելով, որ բոլորը նախապես իրազեկվում են, և մեկ-երկու րոպե ժամանակ ունեն հասնելու ապաստարաններ, մեր զրուցակիցը ներկայացրեց.

«Երբ հասել են ապաստարան, փորձել է փակել ռմբապաստարանի երկաթե պատուհանը և չի հասցրել, լսվել են պայթյունները... »:
Չերնամորյանը հավելեց, որ վիրավորում ստացած Դավիթը 46 տարեկան է, ունի 3 դուստր: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մեր հայրենակցին մաղթում ենք առողջություն:

 

Ռեբեկա Հովհաննիսյան