Ի՞նչ նորություններ կան Վեդիի դպրոցից ԲԿ տեղափոխված 10-ամյա աղջնակի մաhվան գործով
Օրերս հայտնի դարձավ, որ Վեդիի միջնակարգ դպրոցից ԲԿ տեղափոխված և օրեր շարունակ կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ սեպտեմբերի 19-ին 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի քրոջն ու տեղեկացրել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն: Այնտեղից երեխան տեղափոխվել էր Երևան, ապա սեպտեմբերի 28-ին մահացել։
MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին. «Նախնական ախտորոշմամբ Երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»:
Հիշեցնենք, որ երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ ։
MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։
«Վարույթ ունենք նախաձեռնված, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, եզրակացությունն այսքան շուտ չի կարող լինել, դրա համար մահվան պատճառի մասով որևէ բան չեմ կարող ասել»,– ասաց Աբրահամյանը։
Մարիաննա Արամյան