Վարժական հավաքների չներկայացողների թիվը կազմում է 12%-15%․ ինչո՞ւ են խուսափում հայրենիքի պաշտպանությունից

Վարժական հավաքների չներկայացողների թիվը կազմում է 12%-15%․ ինչո՞ւ են խուսափում հայրենիքի պաշտպանությունից

Պաշտպանության նախարարության հայատարարած 25-օրյա վարժական հավաքները իսկական գլխացավանք են դարձել մեր շատ հայրենակիցների համար։ Հատկապես նրանք, որոնք ունեն ընտանիք, կայուն աշխատանք, ակտիվ հասարակական կամ բիզնես գործունեություն են ծավալում, չգիտեն՝ ինչպես վարվել, երբ իրենց 25-օրյա հավաքներին ներկայանալու ծանուցում է ուղարկվում։ Ու շատ դեպքերում այդ քաղաքացիները հավաքներից խուսափելու տարբերակներ են փնտրում, քանի որ պլանավորած գործեր են ունենում, ամառվա այս ամիսներին նաև հանգստի մեկնելու պլաններ են ունենում, տոմսերը գնած են լինում, և հանկարծ մի քանի օր առաջ ստանում են ծանուցում, որ պետք է մեկնեն սահման՝ կարճաժամկետ ծառայության։

Շատերը խուսափում են նաև նրա համար, քանի որ գիտեն՝ պաշտպանության նախարարությունը վարժական հավաքի մասնակիցներին պահում է ոչ պատշաճ ու ոչ հիգիենիկ պայմաններում՝ զուրկ տարրական կենցաղային ապահովման միջոցներից։ Համենայնդեպս, մենք այդպիսի ահազանգեր այս ընթացքում ստացել ենք, որ հատկապես դիրքերում տարրական պայմաններ չի ապահովում ՊՆ-ն իր զինվորների համար։ Նաև մշտապես կա թշնամու կողմից թիրախավորվելու և թշնամու գնդակի զոհը դառնալու վտանգը, որը ևս «խաղաղության օրակարգի» ձգտող Հայաստանի իշխանությունները մինչ օրս դեռ չեն ապահովել։

Ասացին նաև, որ վարժական հավաքներից խուսափելու պատճառներն էլ հատկապես այս ամիսներին պայմանավորված են գյուղատնտեսական աշխատանքներով, քանզի առավելապես հենց գյուղաբնակ համայնքներից են փորձում հավաքներին մարդ ներգրավել, իսկ այստեղ մարդիկ զբաղված են գյուղատնտեսությամբ և չեն կարող այս սեզոնին թողնել գործն ու մեկնել սահման։

Այս և այլ խնդիրներով պայմանավորված՝ ՊՆ-ն, մեր տեղեկություններով, այսօր դժվարություն ունի վարժական հավաքների մասնակիցների սահմանված թվաքանակը ապահովելու հարցում։

MediaHub-ն այս թեմայով մի քանի հարց է ուղղել պաշտպանության նախարարությանը։

ՊՆ-ից նախ ասել են, որ Հայաստանի Հանրա­պե­տու­թյունում 2024 թվականի հունվար ամսից առ այսօր 25 օրյա վարժական հավաքները կազմակերպվում և անցկացվում են համաձայն ՀՀ կառավարության 21.12.2023թ.N 2212-Ն, 29.02.2024թ. N 281-Ն, 16.05.2024թ. N 693-Ն որոշումների, իսկ 25 օրյա վար­ժա­կան հավաքների մասնակիցների թվաքանակները նշված են որոշումների մեջ, իսկ առաջիկա վարժական հավաքները՝ երրորդ փուլը, նախատեսված է և անց­կաց­վում է ՀՀ կառավարության 16.05.2024թ. N 693-Ն որոշման պահանջների համաձայն։

Ապա նշել են, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը վարժական հավաքների նախատեսված պահես­տա­զո­րայի­ն­ների թվաքանակ ապահովելու խնդիր չունի, ինչը բնական է, որ այդպես պետք է պատասխանեին՝ հակառակ մեզ հասած տեղեկությունների, իհարկե։

Ինչ վերաբերում է վարժական հավաքներից խուսափողների թվին, ՊՆ-ից նշել են․ «Ներկա դրությամբ վարժական հավաքների չներկայացողների թիվը կազմում է 12%-15%: Ներկայումս գործող իրավական ակտերով վարժական հավաքներից խուսա­փելու համար պա­տաս­խանատվություն է սահ­ման­ված մի­այն ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդ­­­վածով, որով նախատեսվում է վարժական հա­վաք­ներից ազատվելու՝ օրեն­ս­դրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպ­քում քաղաքացու նկատմամբ պատիժ կիրա­ռե­լու հնարավորություն, իսկ այդ հիմ­քերի վերաբերյալ տվյալներ ՀՀ ՊՆ զո­րակոչային և զո­րահավաքային համալրման ծառայության տարածքային ստորա­բա­ժանումները կարող են ունենալ միայն տարածքային ստորաբաժանում զինապարտի ներ­­կա­յանալուց, նրա ուսումնասիրությունը և բժշկական փոր­ձաք­ն­նությունը սահ­ման­ված կարգով իրա­կանաց­նե­լուց հետո»։

ՊՆ-ից հերքել են նաև նույն այդ վարժական հավաքներին մասնակցած անձանց այն դժգոհությունները, թե դիրքերում տարրական պայմաններ ապահովված չեն զինվորների համար․ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների  կողմից ստուգումներ են կատարվել  վար­ժական հավաքներին ներ­գրավ­ված զին­ծա­ռա­յող­ների կողմից պահվող մար­­տա­կան դիր­­քերում, որտեղ անմար­դ­կային պայ­ման­ներ, ինչպես նաև տարրական հի­գի­ե­նիկ և կենցա­ղային ա­պա­հովման մի­ջոց­նե­րի պակաս չի արձանագրվել: Ստու­գում­ների ժա­մա­նակ վեր հան­ված այլ բնույթի խնդիր­ները կարճ ժամկետներում լու­ծում են ստացել»։

Ըստ ռազմական գերատեսչության՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորա­հա­վաքային հա­մա­լր­ման ծառայության և զինված ուժերի գլխավոր շտաբի համա­պա­տասխան ստո­րա­բա­ժա­­նում­ների նա­խա­ձեռ­նու­թյամբ մշակվել են սոցիալական հարց­ման թեր­թիկներ, որոնք ուղարկվել են զոր­քեր՝ վարժական հավաք­ներն ավարտած զին­­ծա­­ռայող­նե­րի կող­մից լրա­ցումներ կա­տա­րե­լու համար, որում վարժական հավաքների մասնակիցները հնա­րա­վորու­թյուն են ունեցել նշել իրենց հու­զող հարցերը:

Հարցումների գործընթացում վեր­ջին­ներս անմարդ­կային պայ­ման­ների, ինչ­պես նաև տար­րա­­կան հիգիենիկ և կենցա­ղա­յին ապա­հովման մի­ջոց­ների պակասի վերա­բեր­յալ նշում­ներ չեն կատարել: Վար­ժա­կան հա­վաքների ներ­գրավ­ված պահեստազորայինները ապահովված են ծառա­յու­թյան և կե­ցու­թյան ան­հրա­ժեշտ պայմաններով, կենցաղային և հիգիենայի անհրաժեշտ պա­րա­գա­նե­­րով։

Այս ամենը հատկապես պատկերավոր է դառնում երբեմնի Ազատի զորամասի ողբերգական դեպքի ֆոնին, երբ հիշում ենք, թե ինչ պայմաններում էր ՊՆ-ն պահում հայրենիքի զինվորներին, և ինչ եղավ վերջում այդ զինվորներից 15-ի ճակատագիրը։

ՊՆ-ից նաև հայտնել են, որ վարժական հավաքներից խուսափող պահեստազորայինների վերաբերյալ  ՀՀ ՊՆ զորա­կ­ո­չա­յին և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները հաղորդում են ներ­կայացնում կայազորային քննչական բաժին­ներ։

Պահեստազորայիններին վարժական հավաքների ներ­գրավ­ման գործընթացը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայութան տա­րածքային ստո­րա­­բաժանումներում կազմակերպվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կար­գավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի և «Պահեստա­զորային պատ­րաս­տու­­թյան շրջանակներում իրականացվող միջո­ցա­ռում­ների կազմա­կերպման կարգը սահ­մա­նելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկ­տեմ­բե­րի 18-ի N 1174-Ն որոշ­ման պահանջների համաձայն։

Վարժական հավաքների ներգրավվող պահեստազորայինների ծանուցման գործ­ը­նթացն իրականացվում է ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշ­մամբ սահ­ման­ված ժամկետներում։

Վահե Մակարյան