Մենք ընդամենը ասում ենք` սիրելի՛ քաղաքացի, դու պարտավոր էիր վճարել այս հարկը, բայց էստեղ էլ քեզ ընդառաջում ենք․ Պապոյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը, իսկ նրանից առաջ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հորդորում էին արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին «խոպանչի» չանվանել։ Իսկ նրանք այսօր փակել էին Մարտունի-Երևան ճանապարհն ու պահանջում էին, որ պետությունը չհարկի իրենց՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքով վաստակած փողերը։
-Պարոն Պապոյան, արտագնա աշխատանքի մեկնող կամ, այսպես ասած, խոպանչի մեր հայրենակիցները այսօր ճանապարհ էին փակել ու ասում էին՝ պետությունը չպետք է իրենց հարկի, քանզի իրենք ՌԴ-ում աշխատում են ու այնտեղ էլ իրենց հարկերը վճարում են։ Դուք ի՞նչ ունեք իրենց ասելու։
-Կքննարկենք դեռ էդ հարցը։ Տեսեք, մի բան է, թե ինչ է գրված օրենքում, իսկ 2016 թվականին ընդունված օրենքի փոփոխություններով՝ եթե այդպիսի հարկային տարբերություններ առաջանան, ապա ՊԵԿ-ը, ըստ էության, պարտավոր է այդ վարչարարությունն անել, որովհետև 2016 թվականին խորհրդարանն էդ օրենքն ընդունել է։
-Իրենք ձեր ընտրողներն են, ի դեպ, և ժամանակին Նիկոլ Փաշինայնի ոտքերի առաջ գառ էին մորթում, հիմա չե՞ք ուզում իրենց հուշել, որ այդ «վատ նախկիններն են» այդ օրենքն ըդնունել, դուք կապ չունեք դրա հետ։
-Չէ, իմ պատասխանն այն մասին չէր, որ «վատ նախկիններն» են ընդունել, իմ պատասխանը փաստի արձանագրում էր։ Երկրորդը, ես շնորհակալ եմ մեր բոլոր ընտրողներին, երրորդը, ես կխնդրեմ երևի թե էդպես չձևակերպել՝ նրանք մարդիկ են, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում։ Էդպիսի աշխատանք կատարող տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանում կան։ Եւ ես գիտեմ, որ ՊԵԿ-ն ընդամենը ծանուցումներ է ուղարկել, բայց դեռ կքննարկենք՝ ինչ դիրքորոշում ունենանք այդ հարցի շուրջ։
Եթե անգամ որոշենք, որ այդ հարկերը չեն վերցնելու, մենք ընդամենը մեր քաղաքացիներին ասում ենք՝ «սիրելի՛ քաղաքացի, դու պարտավոր էիր վճարել այս հարկը, բայց էստեղ էլ, օրինակ, քեզ ընդառաջում ենք, սա ընդամենը տեղեկատվական թերթիկ է»։
-Այդ քաղաքացիներից մեկը դժգոհում էր, թե «ես գնամ աշխատեմ, էնտեղ աշխատեմ, գամ էստեղ հարկ վճարեմ, որ Նիկոլը կնգա հետ գնա աշխարով մեկ ֆռֆռա»։
-Ես քաղաքացու էմոցիոնալ գնահատականը՝ իր մեկնաբանությամբ, թույլ տվեք չմեկնաբանեմ։ Նախ, առաջինը, պետության ղեկավարի և պետական ինստիտուտների հետ երևի թե, իմ կարծիքով, ճիշտ չէ այդպես արտահայտվել։ Բայց մեր քաղաքացու նկատմամբ ամենայն հարգանքով և սիրով, բայց թույլ տվեք չմեկնաբանել։
-Պարզապես, հատկապես ձեզ ընտրած քաղաքացիները շատ են բախվում այն դաժան իրականությանը, երբ իրենք բոլորովին այլ խոստումներ լսելով՝ գնացել ձեզ ձայն են տվել, իսկ հիմա լրիվ այլ իրավիճակում են հայտնվել։ Օրինակ՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» ասելով՝ այսօր այդ նույն քաղաքացին աջ ու ձախ տուգանվում է։
-Ես Ձեզ հետ բացարձակ համաձայն չեմ։ Այո, ՀՀ-ում քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և դա է պատճառը, որ ՀՀ-ում ոչ թե տուգանքները ավելացան կամ շատացան, այլ, օրինակ, բալային համակարգ մտավ՝ տուգանքներն իջնելուն զուգահեռ։ Հետո, այդ իջած տուգանքներն էլ, Դուք գիտեք, հիմա հնարավորություն կա այդ ծավալը մինչև 50%-ով իջեցնելու, եթե մարդիկ կցանկանան անկանխիկ վճարել։ Այսինքն՝ մեզ համար տուգանքը երբեք առաջնային չէ, մեզ համար կարևոր է, օրինակ, մարդու կյանքն ու առողջությունը։ Եթե մեկ մարդու, մեկ հետիոտնի կյանքը մենք կկարողանանք փրկել այդ տուգանքի միջոցով, ապա դա պետք է անենք։ Բայց երբ որ դա կկարողանանք անել այդ տուգանքի կեսի միջոցով, մենք էդ կեսի միջոցով կանենք։
Վահե Մակարյան