Շրի Լանկան վառելիքի բացակայության պատճառով փակում է դպրոցները եւ սահմանափակում աշխատանքը

Շրի Լանկան վառելիքի բացակայության պատճառով փակում է դպրոցները եւ սահմանափակում աշխատանքը

Շրի Լանկայի իշխանությունները ուրբաթ օրը փակել են դպրոցները եւ պետական պաշտոնյաներին կոչ են արել չգնալ աշխատանքի՝ հուսահատ փորձելով նախապատրաստվել վառելիքի խիստ պակասին, որը կտեւի մի քանի օր՝ երկրի վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում, հաղորդում է AP-ն:

Պետական կառավարման նախարարությունը աշխատակիցներին, բացառությամբ հիմնական ծառայություններ մատուցողների, խնդրել է ուրբաթ օրը չներկայանալ աշխատանքի՝ «վառելիքի շարունակական սղության եւ տրանսպորտային միջոցների խնդիրների պատճառով» ամբողջ երկրում։

Ուրբաթ օրը փակվել են նաեւ մասնավոր դպրոցները, քանի որ վառելիքի պակասը խորացել է, հազարավոր մարդիկ մի քանի օր հերթ են կանգնել ամբողջ երկրի բենզալցակայաններում:

Շրի Լանկան այժմ գրեթե առանց բենզինի է եւ վառելիքի այլ տեսակների խիստ կարիք ունի:

Վերջին ամիսներին կառավարությունն ամեն կերպ փրձել է գումար գտնել վառելիքի, գազի եւ անհրաժեշտ այլ ապրանքների ներկրման համար, քանի որ Հնդկական օվկիանոսում գտնվող պետությունը կանգնած է սնանկության եզրին:

Նրա տնտեսական խնդիրները հանգեցրին քաղաքական ճգնաժամի, երբ կառավարությունը բախվեց զանգվածային բողոքի ակցիաների եւ անկարգությունների:

Արդեն մի քանի ամիս Շրի Լանկայի բնակիչները երկար հերթեր են կանգնում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, որոնց մեծ մասը գալիս է արտասահմանից: Կայուն արժույթի բացակայությունը խոչընդոտում է նաեւ արտադրության համար հումքի ներմուծմանը եւ խորացնում է գնաճը։

Ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհները՝ պահանջելով բենզին ու վառելիք։

Իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում օրական մինչեւ չորս ժամով էլեկտրաէներգիայի անջատումների մասին, քանի որ նրանք չեն կարող բավարար քանակությամբ վառելիք ապահովել էլեկտրակայանների համար:

Շրի Լանկան կասեցրել է այս տարի մոտ 7 միլիադ դոլարի արտաքին վարկերի մարումները, այն 25 միլիարդ դոլարից, որը պետք է մարվի մինչեւ 2026 թվականը։ Երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 51 միլիադ դոլար։ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ երկիրը ներկայումս ունի ընդամենը 25 միլիոն դոլարի օգտագործելի արժութային պահուստներ։

Ցուցարարները ավելի քան մեկ ամիս փակում են նախագահի գրասենյակի մուտքը՝ կոչ անելով նախագահ Գոտաբայ Ռաջապակսային հրաժարական տալ։

Նախագահի եղբայրներից մեկը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, իսկ մյուս եղբայրները, քույրերն ու եղբորորդին հրաժարվել են կառավարությունում իրենց պաշտոններից: Ցուցարարները Ռաջապակսաներին կոռուպցիայի եւ վատ կառավարման պատճառով ճգնաժամ առաջացնելու մեջ են մեղադրում։

Շրի Լանկայի նոր վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն ասել է, որ երկրին շտապ անհրաժեշտ է մոտ 75 միլիարդ դոլար՝ բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար, սակայն գանձարանը դժվարությամբ է փորձում գտնել նույնիսկ 1 միլիարդ դոլար:

Անցյալ շաբաթ ցուցարարների վրա Ռաջապակսայի կողմնակիցների հարձակումները բռնության պատճառ են դարձել ամբողջ երկրում, ինչի հետեւանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ մի պատգամավոր, եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ։ Հրկիզվել են պատգամավորների եւ նրանց կողմնակիցների տները։