Բաքուն մերժում է սահմանից զորքերը հետ քաշելու Երևանի առաջարկը. Բայրամով

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ սահմանից զորքերի հետ քաշման վերաբերյալ երեկ հնչեցրած հայտարարությանն, ասել է.
«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին չի զբաղեցնի դիրքերը։ Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է Ադրբեջանի սահմանները, ինչը տրամաբանական է։ Ադրբեջանական բանակը որևէ մեկի բարի կամքով կամ հրավերով չի եկել այս սահմաններին, ադրբեջանական բանակը 30 տարվա արյունահեղությունից հետո ազատագրել է իր հողերը և այսօր կանգնած է սահմաններին։ Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները, դա չի կարելի վստահել երրորդ կողմին։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին։ Այս դեպքում հարցերը կարող են դրական զարգանալ»,- ընդգծել է Ջ.Բայրամովը: