Գետամեջ տանող ճանապարհին կա սողանքի մեծ վտանգ. ի՞նչ են անում պատկան մարմինները

Գետամեջ տանող ճանապարհին կա սողանքի մեծ վտանգ. ի՞նչ են անում պատկան մարմինները

Կոտայքի մարզի Գետամեջ համայնք տանող ճանապարհը անձրևից հետո վնասվել է, և կա սողանքի մեծ վտանգ։ Այս մասին ահազանգում են Գետամեջի բանկիչները, որոնց մեջ շատ կան արցախցիներ։

Նրանցից մեկը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ սողանք է սկսվել, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը մասամբ փակվել է։

«Դեպի գյուղ տանող ճանապարհին ամեն անձրևից հետո սողանք է սկսվում և 10-15 սմ նեղանում է, էսօրվա դրությամբ արդեն մնացել է մի մեքենայի տեղ։ Բայց վերջին անձրևից հետո էլի է նեղացել, էդ մի մեքենայի տեղն էլ է պակասում արդեն։ Սողանքի լայնությունը մոտ 70-80 մետր է ու վերևից գալիս ճանապարհը փակում է, մտնում ճանապարհի տակ, ասֆալտը քանդում, էդ ճանապարհի տակ էլ ահագին տներ կան»,- ասաց Գետամեջի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, և եթե այսպես շարունակվի և պատկան մարմինները սողանքը չկանգնեցնեն, ապա իրավիճակն ավելի աղետալի կդառնա՝ ուղիղ վտանգ սպառնալով հարակից տներին։

MediaHub-ը դիմեց նաև ՆԳՆ-ին` ճշտելու, թե տեղյա՞կ են, արդյոք, Գետամեջում ստեղծված իրավիճակից:

ՆԳՆ-ից պատասխանեցին հետևյալը. «Ապրիլի 25-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է ահազանգ, նշված վայր է մեկնել մարտական հաշվարկ, և տեղեկատվությունը փոխանցվել է շահագրգիռ մարմիններ։ Նշանակվել են նաև հավելյալ ուսումնասիրություններ»:

Վահե Մակարյան