Անձնական վիրավորանքների տեղատարափ հնչեց ու տրվեց համարժեք պատասխան. Արեն Մկրտչյան

Ալավերդու ավագանիում «ՔՊ» խմբակցությունը երեկ գումարել է նիստ, համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ մեկնաբանելով երեկ Ալավերդիում տեղի ունեցած աղաղակող խայտառակությունը, որի արդյունքում ՔՊ-ն քաղաքապետ կարգեց իր թեկնածուին:

Նույն օրը, ըստ պատգամավորի, առավոտյան ութին Ալավերդու համայնքապետը համայնքապետարանի մոտ հանրահավաք է իրականացրել, ապա մասնակիցներին հրավիրել է շենքի ներս, փորձել են մուտքերը փակել՝ խոչընդոտ ստեղծելով ավագանու անդամների մուտքի համար։

«Հանրահավաքին մարդկանց թիվ ապահովելու համար զանգեր են արել մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին, վարչական ղեկավարներին, և հորդորել ժամը ութին լինել հանրահավաքին»,- նշեց նա։

Արեն Մկրտչյանի խոսքով՝ նիստերի դահլիճի դուռը եղել է փակ, ու եթե ժամը տասին ավագանու անդամները չկարողանային լինել նիստերի դահլիճում, ապա կասեին՝ ժամը 10:20-ին է եղել նիստը, ուստի պետք է անվավեր համարվի։

«Բացի այդ, քաղաքապետը, «Ապրելու երկիր» խմբակցության ներկայացուցիչներ ներս են մտել նիստերի դահլիճ, շուռ են տվել քվեատուփը, և տեղում քվեարկված 12 թերթիկ դարձել է անվավեր։ Եվ սա ժողովրդավարությո՞ւն է»,- նշեց նա։

Հարցին, թե այդ դեպքում ժողովրդավարությունը ընտրված համայնքապետից իշխանությունը խլե՞լն է, Արեն Մկրտչյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում խլել։ ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն էր, և քաղաքական տրամաբանության մեջ նորմալ է, որ ընդդիմությունն ուզում է դառնալ իշխանություն։ Եվ մենք գնացել ենք իրավական ճանապարհով»։

Նշենք, որ ըստ Մկրտչյանի, փոխադարձ հայհոյանքներ սկսվել են, երբ անձնական վիրավորանքների տեղատարափ է հնչել ու իրենք տվել են համարժեք պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։