Գերմանիան ունի ամենը, որ անհրաժեշտ է մի քանի ամսվա ընթացքում միջուկային զենք ստանալու համար, այս գնահատականը տվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում:
«Գերմանացիներն ունեն դրա համար անհրաժեշտ միջուկային նյութը, նրանք գիտեն, թե ինչպես դա անել: Նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր տեխնոլոգիաները», - ասել է Գրոսսին՝ ընդգծելով, որ սրանք միայն «հիպոթետիկ ենթադրություններ են»:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) պահպանումը համապատասխանում է եվրոպական երկրների շահերին: «Միջազգային հարաբերություններում ոչ մի պետություն, հատկապես հզորը, չի առաջնորդվում անձնուրացությամբ: Այն գործում է իր սեփական շահերից ելնելով: Եվրոպական երկրները եկել են այն եզրակացության, որ աշխարհը, որտեղ բոլորը կարող են ունենալ միջուկային զենք, կհանգեցնի աղետի», - հավելել է նա: