Կիլոմետրանոց հերթեր, փչացող ապրանք ու հույսներն իրենց վրա դրած վարորդներ․ Լարսում նույն անմխիթար վիճակն է

Կիլոմետրանոց հերթեր, փչացող ապրանք ու հույսներն իրենց վրա դրած վարորդներ․ Լարսում նույն անմխիթար վիճակն է

Լարսում կիլոմետրերի հասնող հերթերը շարունակվում են։ Հայ վարորդներն ահազանգում են՝ երկու շաբաթ և ավելի ժամանակում հազիվ կարողացել են հասնել վրաց-ռուսական սահման, հիմա էլ, երբ արդեն մոտեցել են Լարսի անցակետին, օրվա մեջ ընդամենը մեկ կիլոմետր են կարողանում առաջ գնալ։ 

«Ես արդեն 14 օր է՝ դուրս եմ եկել Հայաստանից, դեռ չգիտեմ՝ վաղը կամ դրա հաջորդ օրը անցակետին կհասնեմ, թե չէ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդ Արայիկը։ 

Նրա խոսքով՝ ինքը սառեցված ձուկ է տեղափոխում, մթերքը դեռ օգտագործման ենթակա է, բայց պիտանելության ժամկետ կա, որ անցնի՝ իրենց տեղափոխած ապրանքը կփչանա, իրենց էլ կմնա վառելիքի ծախսն ու դեն նետելու ենթակա ապրանքը։ 

«Էս ցրտին օրական 60-70 լիտր վառելիք ենք օգտագործում, որ սառնարանները միացված մնան, մենք էլ խցիկները տաքացնենք, չցրտահարվենք։ Օրական ծախսը 50 հազար դրամն անցնում է, բա մենք ի՞նչ ենք անելու, ամեն օր օֆիս զանգել ու փող ուզելով ենք անցկացնում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը։ 

Նա վստահեցրեց՝ խնդրի մասին անընդհատ բարձրաձայնում են, բայց հայկական կողմից որևէ պաշտոնյա չի արձագանքում, որևէ մեկը խնդրին ականջալուր չի լինում։ 

«Էկոնոմիկայի նախարար ունենք, ՊԵԿ ունենք, ընդհանրապես մեր մասին մտածո՞ւմ են, գիտե՞ն՝ ինչ է այստեղ կատարվում։ Ասում են՝ մեր հարցով զբաղվող կցորդ էլ կա, որ Լարսում է, բայց իր անունն անգամ չենք լսել։ Դեսպանատունն էլ նախորդ տարիներին գոնե մի բան անում էր, հիմա ձեն-ծպտուն չկա»,- նշեց մեր զրուցակիցը։

Կեսկատակ-կեսլուրջ վարորդը մտահոգություն հայտնեց, թե եթե այսպես շարունակվի, նոր տարին էլ Լարսի անցակետում կանցկացնեն։ 

Նարե Գնունի