Ֆրանսիական «ապտակ»՝ Փաշինյանին

Ֆրանսիական «ապտակ»՝ Փաշինյանին

Դեռ կես ամիս առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Երեկ խնդրի վերաբերյալ պարզաբանում է տարածել Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ըստ դատախազության՝ արտահանձնումը մերժվել է 1957 թվականին ընդունված «Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի» վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն։ Ըստ այդմ, հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող անձի համար կարող է առաջացնել ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված:
Թվում է՝ խնդիրը մաքուր իրավական է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Խաչատրյանը վատառողջ է:

Սակայն եթե Փարիզը վստահություն ունենար, որ Հայաստանի արդարադատությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, արտահանձնումը տեղի կունենար: Այլ խոսքով, Ֆրանսիայում վստահ չեն եղել, որ Հայաստանում վատառողջ Խաչատրյանը չի կալանավորելու, ինչը հավասարազոր է խոշտանգման:

Կա ավելի խորքային խնդիր:

Հայաստանում իրականացվում է, այսպես կոչված, ընտրովի արդարադատություն, որի նպատակը ոչ թե օրինականության հաստատումն է, այլ քաղաքական կամ այլ շարժառիթներով կոնկրետ մարդկանց կամ խմբերի թիրախավորելը: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում «կոռումպացված նախկինները» ցուցանակի ներքո, երբ անզուսպ քարոզչական նարատիվը գերիշխող է դառնում արդարադատության նկատմամբ:

Չմոռանանք նաև, որ կոռուպցիոն գործերով դատավոր է դառնում տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանը, ինչն ուղղակի ապտակ է արդարադատությանը:

Այս պատմության մեջ գոյություն ունի մեկ այլ շերտ ևս:

Չորս- հինգ տարի շարունակ Արևմուտքն անտարբեր հայացքով հետևել է Հայաստանում թևածող իրավական «բեսպրեդելին»՝ այն վստահությամբ, որ Փաշինյանը երկիրը կտանի «ճիշտ» ուղղությամբ:

Փաշինյանը խճճվել է աշխարհաքաղաքական խոստումների լաբիրինթոսում ու շուտով պետք է սպասել «ապտակների»՝ տարբեր մայրաքաղաքներից: