Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր կեղծ տեղեկություն են տարածել՝ պնդելով, թե Գարեգին Երկրորդը ողբերգական պատահարից հետո որևէ ցավակցական խոսք չի ասել

Blog Image

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել։ 

«Կորել է, չկա Գարեգին Բ-ն»,- գրել է medianews.site կայքը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։  Նույն բովանդակությամբ նյութ է հրապարակել նաև mediaroom.am կայքը։ Եվս մեկ՝ անհայտ ծագման կայք՝ hayfanat.ru-ն, նույն տեքստով արդեն օգոստոսի 17-ին տեսանյութ է տարածել՝ 7000-ից ավելի դիտում ապահովելով։

«Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվում է սուգ։ Իսկ ու՞ր է կորել ազգի հոգևոր հայրը»,- գրում են կայքերը։ 

Տարածվող նյութը ապատեղեկատվություն է, քանի որ հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։ 

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,- իր ուղերձում նշել է կաթողիկոսը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ կայքերը ակնհայտ կեղծ տեղեկություն են տարածել՝ պնդելով, թե Գարեգին Երկրորդը ողբերգական պատահարից հետո «իր խոսքը չի ասել»։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, 62 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 2 հոգի համարվում է անհետ կորած։

Նելլի Լազարյան

Send