Երևանի դեմարշը 

Երևանի դեմարշը 

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին քաղաք Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այս մասին MediaHub-ին երեկ հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բիշքեկ:

Այս տեղեկատվությունը հատուկ արժեք չէր ունենա, եթե դրան չնախորդեր ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի մի հայտարարություն, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։

Ի դեպ, այդ հանդիպման մասնակցությանը Բաքուն տվել էր իր համաձայնությունը ու փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անուղղակիորեն ծանուցում է, որ Երևանը հրաժարվում է եռակողմ բանակցությունների ռուսական առաջարկությունից:

Որևէ դեմարշ իմաստ ունի, եթե դրա հեղինակն այն սպասարկելու ռեսուրս ունի: Հայ- ռուսական բաց հակադրությունից Հայաստանը միայն տուժում է:

Ինչո՞ւ ենք նման պնդում անում:

Նախ այն պատճառով, որ պարտված երկիրը դեմարշի ռեսուրս չունի ու պետք է օգտագործի բոլոր բանակցային հարթակները, ռեսուրսները՝ ռիսկերը կառավարելու նպատակով:

Երկրորդ, աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առնվազն խելամիտ չէ «մեկ դարպասի» վրա խաղալը, ինչն այսօր անում է պաշտոնական Երևանը:

Եվ վերջապես, Հայաստանի իշխանությունն Արևմուտքից չի ստացել այնպիսի անվտանգային առաջարկություն, որն արդարացված կդարձներ ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունն, ինչն, անշուշտ, ուղեկցվելու է ցնցումներով:

Վահրամ Բագրատյան