Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել

Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել

Ստեղծված իրավիճակում առաջացած վառելիքի խնդիրը լիովին խափանում է արցախցիների սոցիալական վիճակի մեղմմանն ուղղված ծրագրերը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։

«Առաջին հերթին կցանկանայի առանձնացնել միայնակ տարեցների` տնային պայմաններում խնամքի հարցը։ Մեր աշխատողները տնային այցելությունների շնորհիվ այդ խոցելի խմբին ցուցաբերում էին աջակցություն, սակայն այս պահին  խնդիրը  խորանում է վառելիքի խիստ սղության պատճառով։  Մենք հնարավորություն ենք ունենում  սպասարկել միայն  ծայրահեղ դեպքերում և ամենախիստ պահանջների դեպքում»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ նույն խնդիրը ծագում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում։
«Ունենք անկողնային հիվանդներ, որոնց փորձաքննությունը կատարվում է տնային պայմաններում, և այդ  աշխատանքները  շատ են բարդանում վառելիք չունենալու  պատճառով»,-հավելել է Վ. Առաքելյանը։

Նախարարն անդրադարձել է նաև շուրջ 800 հաշմանդամների` Հայաստանի Հանրապետության առողջարանային հիմնարկաներ ամենամյա ուղեգրումների  խնդրին` ընդգծելով, որ շրջափակման պայմաններում սոցիալական այդ խմբի համար կենսական նշանակության ծրագիրը ևս անհնար է դարձել։

«Այս տարի շրջափակման պատճառով մենք չենք իրականացրել այդ ծրագիրը, որում ընդգրկված էին նաև երեխաներ, որոնք ուղեգրվում էին հատուկ մասնագիտացված առողջարաններ։ Ծրագիրը հիմնականում  իրականացվում էր ամռան  և աշնան ամիսներին։ Նշեմ, որ, Արցախի Հանրապետության տարածքում նման հաստատություններ չունենալով,  լուրջ խնդիրներ են առաջանում, և, ըստ էության, այդ մարդիկ չեն կարողանում ստանալ լիարժեք վերականգնողական առողջարանային բուժում, ինչը բերում է նրանց առողջական վիճակի կտրուկ վատթարացման»,-եզրափակել է Վ. Առաքելյանը։