«Ճաքեր»՝ ՔՊ վերնախավում

«Ճաքեր»՝ ՔՊ վերնախավում

Օրերս Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կասկած չկա, որ Աղաջանյանը պնդելու է իր հրաժարականը ու արդեն առաջիկայում խորհրդարանական մեծամասնությունն ընտրելու է հանձնաժողովի նոր նախագահ:

Ի դեպ, կառավարող կուսակցության վերնախավում ոչ միայն անակնկալի չեն եկել Աղաջանյանի հրաժարականից, այլ նաև արդեն իսկ գիտեն նրա փոխարինողի անունը: Սարգիս Խանդանյանը, որին ակտիվ պատգամավորների շարքին չես դասի, մասնակցում էր ՔՊ վերջին խորհրդարանական ճեպազրույցին:

Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը հիասթափվել է իր քաղաքական թիմից ու առնվազն Հայաստանում որևէ նոր պաշտոն զբաղեցնելու ցանկություն չունի ու հավակնում է դեսպանական պաշտոնի եվրոպական որևէ երկրում:

Ի դեպ, ՔՊ վերջին համագումարից հետո, որի ընթացքում վարչության անդամների ընտրությունները կեղծվել էին, Նիկոլ Փաշինյանի շրջապատում խմորումների նոր ալիք սկսվեց, ինչն այլևս անակնկալ չի դարձնում հրաժարականներն ու պաշտոնանկությունները:

Հայաստանի կառավարող էլիտայում հակասությունները շատ են, թիմը գրեթե կորցրել է կոնսոլիդացիայի մոտիվները, եթե չհաշվենք իշխանության ինքնապահպանման մղումը:

Բայց այդ դեպքում էլ՝ իշխանության կերակրատաշտը ավելի սահմանափակ մարդկանց է դառնում հասանելի, իսկ դժգոհները հեռանում են:

Սրա մասին է նաև Աղաջանյանի դեպքը, որի հեռանալու պատճառներն ամենևին էլ քաղաքական կամ գաղափարական չեն, որովհետև մենք չենք լսել, որ այս պատգամավորը երբևէ հանդես գա իշխանության արտաքին ու ներքին քաղաքականության որևէ դրվագի քննադատությամբ:

Մյուս կողմից, եթե Փաշինյանի մերձավորները թիմից հեռանում են, առնվազն ուզում եմ պաշտոն ստանալ աչքից հեռու կամ երկրից դուրս, ապա ենթագիտակցորեն զգում են գործող վարչապետի քաղաքական ֆիասկոն:

Սա արդեն լավ լուր է՝ հասարակության համար:

 

Վահրամ Բագրատյան