Փաշինյանն՝ Ալիևի խոսնա՞կ

Փաշինյանն՝ Ալիևի խոսնա՞կ

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը հանդես եկան սկանդալային հայտարարություններով, որոնք, առանց չափազանցության, հրաժարականների կամ պաշտոնանկությունների հիմք կդառնային, եթե մենք ապրեինք իրապես ժողովրդավարական երկրներում, որոնցում որոշիչ է հանրային կարծիքը:

Կառավարության վերջին նիստում, Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, որոշել էր «բացահայտել» Ալիևի պլանները՝ հանդես գալով, լավագույն դեպքում՝ ադրբեջանագետի դիրքերից:

«Բաքվի նպատակը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն»,- ասել է նա:

Երբ Հայաստանի ղեկավարը, թեկուզև անուղղակիորեն, անոնսավորում է ԼՂ հայաթափության հեռանկարը, նա անելիք չունի իր պաշտոնում ու պետք է հեռանա:

Ոչ պակաս սկանդալային էին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որոնք հնչեցվեցին եվրոպական կառույցներում:

Նա նշել է, որ հայկական կողմն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Բաքվի առաջարկը, ինչին հակառակ Ադրբեջանը սկսել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։
Մի պահ պատկերացրեք՝ ինչ է տեղի ունեցել:

Փաստորեն, Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է գրավոր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ալիևի ինչ-որ բանավոր խոստման հիմքով, ինչից հետո Ադրբեջանի նախագահն անցել է Արցախի «յուրացման» գործին՝ ձեռքին կարևոր «բարաթ» ունենալով ու Հայաստանին թողնելով առանց որևէ դաշնակցի:

Այս «խոստովանությունից» հետո Փաշինյանն ու Միրզոյանը մնում են իրենց պաշտոններում՝ հայկական դիվանագիտության նոր «փառահեղ» էջեր գրելու համար:

Վահրամ Բագրատյան