Թող, նախ, իր ընտանիքի հարցերը կարողանա կարգավորել. Աղազարյանի պատասխանը Էդգար Ղազարյանին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ընդդիմության թիվ մեկ օրակարգը։ Վարչապետին աթոռից հեռացնելու և Հայաստանը նրա «ճիրաններից» ազատելու համար երեկ ևս Հանրապետության հրապարակում «Անկախության» հանրահավաք անցկացվեց, որտեղ ներկայացվեց Փաշինյանի հրաժարականի երեք հավանական սցենար, որոնցից ամենահավանականն ու իրատեսականը, ըստ հավաքի կազմակերպիչ Էդգար Ղազարյանի, մինչև սեպտեմբեր իմպիչմենտ ներկայացնելն է։
«Ընդդիմադիրներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում ներկայացնել վարչապետի թեկնածու»,- ամբիոնից հայտարարեց Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքին հաջորդեց «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, որից պարզ դարձավ, որ այդ հարցը քննարկելը դեռ վաղ է։
Այս հայտարարությանն ի պատասխան Էդգար Ղազարյանը նշեց, որ իր կոչը նաև ՔՊ-ին է վերաբերում, և իշխող խմբակցությունն էլ կարող է իմպիչմենտի հարց բարձրացնել, քանի որ իշխանությանը ձայն տված քաղաքացիներից շատերը ևս այժմ պահանջում են Փաշինյանի հեռացումը։
«Ո՞նց կարող է ՔՊ-ն նման հարց բարձրացնել»,- MediaHub.am-ի հետ զրույցում, արձագանքելով Ղազարյանի այդ խոսքերին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր Ղազարյանն իրավունք չունի նման բան խոսելու։
«Նա, նախ, թող իր ընտանիքի հարցերը կարողանա կարգավորել, հետո նոր թող փորձ անի խառնվել նման հարցերին։ Թող իր տղային արտասահմանից բերի Հայաստան, որ գոնե խոսելու տեղ ունենա»,- ասաց Հովիկ Աղազարյանը։ Ըստ նրա, իրենց մեծ ընտանիքի՝ ՔՊ-ի անունից ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անելու և այդ նրա գործերին խառնվելու։
Նշենք, որ Էդգար Ղազարյանն ունի չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Նրա որդին՝ Ֆերդինանտ Ղազարյանը երեկ Հանրապետության հրապարակում ընթերցեց ՀՀ անկախության հռչակագրի տեքստը։
Նարե Գնունի