Բախվել են «Kia»-ն ու «Lexus»-ը. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Զ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։
Վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել «Lexus»-ի և «Kia»-ի վարորդներն ու քաղաքացիները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Ավտովթար-վրաերթի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները