Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ` Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը՝ երեքից դարձնելով երկու։
Այս ամենի շուրջ զրուցել ենք «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանի հետ, ով նշեց․ «Հիմնավորումներից մեկը, որ ներկայացված է օրենսդրական նախաձեռնությունում, դիտողականությունն է: Դիտողականությունը մարդու դիտելու ունակությունն է, հեղինակները «դիտելիություն» բառի փոխարեն են «դիտողականություն» բառը օգտագործել: Համարենք, որ վրիպում է, ոչ թե անգիտության արդյունք: Իսկ ալիքի դիտելիությունը չափումների չի ենթարկվել: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորները, որոնք եվրոպական երկրներին են օրինակ բերում, վստահ եմ՝ գիտեն, որ եվրոպական երկրներում մշակութային ալիքների դիտելիությունը երբեք չեն համեմատում ժամանցային կամ լրատվական ծրագրերի դիտելիության հետ»:
Ղազարյանի խոսքով՝ նախագծի հեղինակները պատճառաբանում են, որ կրթական-մշակութային ալիք պահելը մեծ շքեղություն է պետության համար։
«Բայց այդ ալիքով հեռարձակվող ծրագրերի ֆինանսական բեռը հավասարապես ստանձնել է Մայր Աթոռը: «Շողակաթի» արտադրանքը տարեկան վեց հարյուր հազար դրամով, այսինքն՝ ամսական հիսուն հազար դրամով է տրամադրվում կրթական-մշակութային հանրային ալիքին: Խորհրդարանի ամբիոնից ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն 3 միլիարդի գնում չի կատարել։ «Հոգևոր-մշակութային Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն (Հանրային հեռարձակողը) 15 տարի՝ 2011–2025 թթ. ընթացքում, տարեկան 600.000 դրամով «Շողակաթից» գնել է օրական շուրջ 14 ժամ հեռուստաարտադրանք: 15 տարվա հանրագումարը կազմում է 9 միլիոն դրամ, ընդ որում՝ 2019 թ. -ից սկսած դա կատարվել է գնումների ընթացակարգով: Ղազարյանի հրապարակած շուրջ 3 միլիարդը հավանաբար վերաբերում է ՀՀԽ-ի կողմից Հոգևոր-մշակութային Հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի 2011-2025 թթ. բյուջետային ֆինանսավորմանը, որը կազմել է 2.620.000.000 դրամ։ Հարց հնչեց՝ ինչո՞ւ դա մրցութային կարգով չի արվել։ Իսկ մրցութային կարգով է՞ Առաջին ալիքը ֆինանսավորվում։ Իհարկե՝ ոչ։ Եթե պատգամավորը ցանկանում էր, որ որևէ այլ հեռուստաընկերության հեռուստաարտադրանք ՓԲԸ-ի կողմից մրցութային կարգով ձեռք բերվեր, խիստ կասկածում եմ, որ կգտնվեր որևէ ընկերություն, որը օրական շուրջ 14 ժամ արտադրանքը ամսական 50.000 դրամով կհամաձայներ տրամադրել Հոգևոր-մշակութային հանրային ՓԲԸ-ին»:
Ղազարյանը նաև նշեց, որ ակնկալվող օգուտների մեջ խոսվում է հանրային մեդիաների դերի ամրապնդման, բազմակարծության և մեդիաազատության սկզբունքների պահպանման մասին, ինչը, իր խոսքով, լրատվամիջոց փակելու պարագայում միայն ներողամիտ ժպիտ է առաջացնում։
«Իբրև ակնկալվող օգուտ՝ խոսվում է տեխնիկական և մարդկային ռեսուրսների գոտկացման մասին: Ի դեպ, «գոտկացում» բառը, որքան էլ փնտրեցինք, նույնիսկ «Արդի հայերենի նորաբանությունների բառարան»-ում չգտանք: Այդ բառը օգտագործվել է «բիգուզ նետ» թուրքական ինչ-որ կայքից թարգմանված հոդվածի վերնագրում, որը օգտագործված է «կենակցում» իմաստով: Խնդրո առարկա առաջարկը ուղարկվել է նախարարություններ, գերատեսչություններ և, որքան էլ տարօրինակ է, ոչ մեկի մոտ այդ մասին հարց չի առաջացել»:
Նա անդրադարձել է նաև ԱԺ ամբիոնից հնչած մեկ այլ փաստարկի՝ կապված քաղաքական այլ հայացքներ ունեցող գործչի կազմակերպած քայլերթի լուսաբանման հետ․ «Հավանաբար նկատի ունեն «Եկեղեցական կյանք» լրատվական ծրագրով դեպի Էջմիածին բազմամարդ ուխտագնացության մասին 2–3 րոպեանոց ռեպորտաժը: Ի գիտություն հարգարժան պատգամավորի՝ մենք անդրադառնում ենք բոլոր բազմամարդ ուխտագնացություններին, որոնք իրադարձություն են եկեղեցու կյանքում, և ուխտավորների քաղաքական հայացքներով չենք պայմանավորում դրանց լուսաբանումը»:
Ղազարյանը հավելել է, որ այս որոշմամբ ոտնահարվում է հանրային շահը, քանի որ կրթական և մշակութային բովանդակություն ապահովող ալիքի փակումը նշանակում է հանրությանը զրկել այդ բովանդակությունից․ «Կրթական-մշակութային հանրային ալիքը գործում է հարկատուների՝ այսինքն հանրության միջոցներով, և հանրությունը զրկվում է կրթական մշակութային բովանդակություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ դա պետության առաջնահերթություններից մեկը պետք է լինի, դրա կարևորությունը թերագնահատելը լուրջ հետևանքներով է հղի: Այս մասին նշված է նաև Հանրային հեռարձակողի խորհրդի եզրակացության մեջ: Այնպես որ, այս առաջարկը եկեղեցու նկատմամբ տարվող գործընթացների ընդհանուր համատեքստում է պետք դիտարկել և միայն»:
Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։
Էմմա Մարտիրոսյան
