Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում (տեսանյութ)

Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ըստ NASA-ի տվյալների` ամբողջական խավարման ընդհանուր փուլը, երբ երկինքը լիովին կմթնի, կտևի 268 վայրկյան, ստվերի լայնությունը կկազմի 199 կմ, և այն կարելի է դիտել Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Մասնակի խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ մասերում: Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազիզյանը։
Նա նշել է, որ Արեգակի հաջորդ ամբողջական խավարումը կլինի 2042 թվականի ապրիլի 20-ին։
Ամբողջական խավարման պահին այն դիտարկվող կետում օդի ջերմաստիճանը որոշ դեպքերում իջնում է նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։
«Ի՞նչ ազդեցություն է ունենում Արեգակի խավարումը։ Ամբողջական խավարման պահին, այն դիտարկվող կետում, օդի ջերմաստիճանը իջնում է, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան 10 °C-ով՝ համեմատած խավարմանը նախորդող ժամանակի հետ։ Ջերմաստիճանի նման կտրուկ անկումը կարող է հանգեցնել ամպերի առաջացման կամ անհետացման և քամու արագության կտրուկ փոփոխության։
Կենդանիներն ու բույսերը նույնպես արձագանքում են արևի խավարմանը, որպես կանոն, նրանք Արեգակի ամբողջական խավարման փուլի սկիզբն ընկալում են որպես գիշերվա սկիզբ: Օրինակ, մինչև ամբողջական փուլը, ցերեկային թռչունները կտրուկ դադարում են երգել և սկսում են վերադառնալ իրենց բները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընկնում են գետնին, մինչդեռ չղջիկները և բուերն ավելի ակտիվ են դառնում: Կենդանիները զգում են անհանգստություն»,– գրել է Ազիզյանը։