Գարնանային ընկեր. կանաչ սոխի օգուտները

Գարնանային ընկեր. կանաչ սոխի օգուտները

Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։

Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։ Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։

Կանաչ սոխը հարուստ է C և А, B խմբի վիտամիններով, կալիումով, կալցիումով, ցինկով։

Վիտամին А-ն նպաստում է մազերի, եղունգների, մաշկի որակի բարելավմանը, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը, հոդերն առավել առաձգական է դարձնում, վիտամին А-ն պատասխանատու է նաև լավ տեսողության համար։

Կանաչ սոխը համարվում է բնական հակաբիոտիկ, նպաստում է իմունային համակարգի ամրացմանը, օգտակար է ավիտամինոզի, մրսածության դեպքում։

Կանաչ սոխի պարբերական օգտագործումը նվազեցնում է կարիեսի, ստոմատիտի առաջացման հավանականությունը, աչքերի մի շարք հիվանդությունների դեպքում ևս օգտակար է։

Կանաչ սոխի չարաշահումը կարող է առաջացնել այրոց, ստամոքսում տհաճ զգացումներ, կարող է բարձրացնել ստամոքսահյութի թթվայնության աստիճանը, ինչպես նաև գրգռել շնչառական համակարգը, ինչն էլ պատճառ է դառնում բերանի տհաճ հոտի։

Կանաչ սոխ պետք է զգուշորեն օգտագործեն ասթմա, լյարդի, երիկամային հիվանդություններ ունեցողները, հում վիճակում ցուցված չէ նաև մինչև 2.5 տարեկան երեխաներին։