Ի՞նչ է քննարկել Անահիտ Ավանեսյանը հրդեհի գործով մեղադրվող կապիտանի հետ

Ի՞նչ է քննարկել Անահիտ Ավանեսյանը հրդեհի գործով մեղադրվող կապիտանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: 

Նա նշեց, որ զինվորներին տեսակցել է, մանրամասն խոսել է։ Ի՞նչ է խոսել կամ ինչպե՞ս է տեսակցել Անահիտ Ավանեսյանը, ըստ պաշտոնական վարկածի, 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գլխավոր գործող անձի՝ կապիտան Եղիշե Հակոբյանի հետ, այն դեպքում, երբ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է սկսվել։

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ մեղադրանք առաջադրելուց հետո սպայի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել։ Այրվածքաբանության ազգային կենտրոնում հոսպիտալացված կապիտան Հակոբյանի հիվանդասենյակի առջեւ

Ռազմական ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում։ Ըստ մեր աղբյուրի՝ սա արվում է նաեւ Հակոբյանի անվտանգությունից ելնելով՝ չբացառելով այն, որ 15 զինվորի կյանք խլած դեպքը կարող է վենդետայի բերել։ 

Այս հարցերի շուրջ MediaHub-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Քննչական կոմիտեից, սակայն մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը միայն ասաց. «Անձը գտնվում է հսկողության ներքո»։ 

Երեկվա տվյալներով կապիտան Հակոբյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի վարկածով՝ փորձել է զինվորական կացարանի վառարանը վառել ավտոբենզինով, հրաժարվում է ցուցումունք տալ։

Կապիտան Հակոբյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց երեկ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։

Լիա Սարգսյան