Պետրոս Ղազարյանը չի կարդացել

Պետրոս Ղազարյանը չի կարդացել

Եկեղեցի-Հանրային հեռուստատեսություն ֆեյսբուքյան դիալոգ-բանավեճը շարունակվում է․ վերջնական ինչ հանգուցալուծում կլինի, կորոշի Հ1-ը, քանի որ գնդակը եկեղեցին ուղարկեց Հ1-ի դաշտ։

Այսպես, հիշեցնենք, որ եկեղեցին հորդորել էր Հ1-ին պահպանել օբյեկտիվությունը, քանի որ վերջին շրջանում Պետրոս Ղազարյանի իրականացրած հարցազրույցներրում տարբեր փորձագետներ ցեխ էին շպրտում եկեղեցու վրա, իսկ Մայր Աթոռի տեսակետը որևէ կերպ չէր ներկայացվում։ 

«Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։

Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։ 

Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։

Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»,- ասված էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

Եկեղեցու տեսակետի հրապարակումից հետո Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում-հրավեր արեց․ «Եսայի քահանա Արթենյանը ասում է ,որ Հանրայինը եկեղեցականներին եթեր չի հրավիրում ,օբյեկտիվ չենք։

Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր»։

Ֆեյսբուքյան հրավերը նույն հարթակում Եսայի քահանա Արթենյանից պատասխան ստացավ․ 

«Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին: 

Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները: 

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»:

Այսինքն՝ այս պահին գնդակը Պետրոս Ղազարյանի դաշտում է, և եթե նա համաձայնի, ապա այսօր պետք է եկեղեցու ներկայացուցիչներից որևէ մեկը Հանրային հրավիրվի՝ հարցազրույցի։

MediaHub-ը Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այսօր եկեղեցու ներկայացուցիչներից որևէ մեկին հրավեր ուղարկվելու է, որին ի պատասխան նա ասաց՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։ «Չեմ կարդացել, կարդամ՝ կասեմ»,- նշեց նա ու անջատեց հեռախոսը։

Նարե Գնունի