Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակման մեջ մեղադրվող տղամարդը քննիչներին ասել է, որ ուզում էր կոտրել Նենսի Փելոսիի ծնկոսկրերը՝ որպես օրինակ Կոնգրեսի մյուս դեմոկրատ անդամների համար: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը, որը 42-ամյա Դեւիդ Ուեյն Դեփեյփին մեղադրել է հարձակման հետ կապված երկու ծանր հանցագործության մեջ։
Ձերբակալությունից հետո Դեփեյփն ասել է, որ, մտնելով Ներկայացուցիչների պալատի խոսնակի առանձնատում, ցանկանում էր կոտրել նրա ծնկոսկրերը:
Դեփեյփը, որը 2020 թվականի ընտրությունների մասին դավադրության տեսություններ եւ հակասեմական արտահայտություններ է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում, ոստիկաններին ասել է, թե մտադիր էր պատանդ վերցնել Նենսի Փելոսիին, եթե նա տանը լիներ: Փելոսին այդ պահին Վաշինգտոնում էր՝ իր թիկնապահների ուղեկցությամբ։
Դեփեյփի խոսքով՝ ինքը որոշել է, որ եթե նա ասի «ճշմարտությունը», բաց կթողնի նրան, իսկ եթե «ստի», ապա կջարդի «ծնկոսկրերը»։ Այնուհետեւ նա ասել է, որ Նենսի Փելոսիին համարում է «ոհմակի առաջնորդ» դեմոկրատների շրջանում եւ ցանկանում է կոտրել նրա ծնկները, որպեսզի ստիպված լինեն նրան տանել Կոնգրես, ինչը «ցույց կտա Կոնգրեսի մյուս անդամներին, որ գործողություններն ունեն հետեւանքներ»:
Փոլ Փելոսին ոստիկաններին ասել է, որ ինքը քնած է եղել, երբ Դեփեյփը ներխուժել է տուն անցյալ ուրբաթ վաղ առավոտյան: Կարճ ժամանակ անց նա զանգահարել է 911, եւ դեպքի վայր են ժամանել երկու սպա ու տեսել են, թե ինչպես են Փելոսին եւ Դեփեյփը կռվում մուրճով, նախքան Դեփեյփը կխլեր այն եւ դրանով կհարվածեր Փելոսիի գլխին:
Հարձակումից հետո Փոլ Փելոսին հոսպիտալացվել է, եւ ոստիկանությունը հայտնել է, որ նա գլխի եւ մարմնի բութ վնասվածքներ է ստացել է, ու ստիպված են եղել նրան վիրահատել: Ակնկալվում է, որ նա լիովին կապաքինվի։