Ավելի անատամ ու վախվորած, քան Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր․ Արմեն Սարգսյանը «խոսել է»

Արմեն Սարգսյանին հիշո՞ւմ եք, էն որ ՀՀԿ-ի կողմից նշանակվել ու ՔՊ-ի մոտ նախագահ էր աշխատում, այ ինքը։ Վատ մարդ չէր, իրականում, բայց անհասկանալի նախագահ էր։ Նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում այդպես էլ չհասկացանք, թե Հայաստանի «բրիտանական» նախագահը, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի կոնկրետ հարցերում, ո՞ւմ շահն է սպասարկում, ի՞նչ է անում և ի՞նչ է ուզում, առհասարակ։
Երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը կարևոր հարցերում որևէ «դուխով» հայտարարություն այդպես էլ չարեց։ Այդ ժամանակ դա բացատրվում էր նրանով, որ «մեծարգո պարոն նախագահը» երևի կաշկանդված է ի պաշտոնե իրեն տրված սահմանափակ լիազորություններով և չի կարող ասել կամ, առավելևս, անել ավելին, քան այդ պահին անում է։
Թվում էր, թե հրաժարական տալուց հետո նրա ձեռ ու ոտը կբացվեր, լեզուն՝ ևս, և Հայաստանի չորրորդ նախագահը վերջապես կասեր բաներ, որոնք գուցե նա չէր կարողանում ազատ արտահայտել նախագահի աթոռին նստած։ Բայց պարզվում է՝ պաշտոնից զրկվելն ու Անգլիայում տաքուկ և ապահով կյանքով ապրելը՝ առանց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից հետապնդման ենթարկվելու ռիսկերի, նրան է՛լ ավելի վախվորած ու անատամ է դարձրել։
Այսօր Արմեն Սարգսյանի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 1915 թ․ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ ՀՀ չորրորդ նախագահի խոսքը։ Այն դժվար է ուղերձ անվանել, քանզի դրանում որևէ ուղերձ, փաստացի, չկա, որով կարելի է առաջնորդվել։ Ուղղակի միտք է, կարծիք, ֆեյսբուքյան ստատուս, որը բաղկացած է ընդամենը երեք կարճ պարբերությունից կամ չորսուկես տողից։ Ու դրանցից և ոչ մեկում չկա ո՛չ Ցեղասպանություն բառը, ո՛չ եղեռն կամ Մեծ եղեռն բառերը, ո՛չ հիշատակում Օսմանյան կայսրության մասին՝ որպես Հայոց ցեղասպանության իրականացնող և ոճրագործ, ո՛չ որևէ դատապարտող խոսք այդ ոճրագործությանը։
«Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն: Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,- ահա սա է Արմեն Սարգսյանի գրառման մեջ, ոչ ավելին։
Կարդում ես ու չես հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, ովքե՞ր են այդ անմեղ զոհերը, որտե՞ղ և ո՞ւմ կողմից են նրանք զոհվել, ո՞ր բնակավայրերն ենք կորցրել, որտե՞ղ էին գտնվում այդ բնակավայրերը, և հիմա ո՞ւմ ձեռքում են դրանք, և, ի վերջո, «ո՞րն էր, բաբո, մեր հայրենիք», որն այլևս մերը չէ։ Եվ դա պատմակա՞ն հայրենիքն էր, թե՞․․․ «ոչ պատմական» կամ պե՞տք է պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ու կորսված հայրենիքի համար, թե՞ ոչ։
Այսպիսի անատամ հայտարարություն կամ թող լինի ուղերձ, հավատացեք, անգամ Ցեղասպանության հարցից ու ճանաչման գործընթացից կամաց-կամաց հրաժարվող Նիկոլ Փաշինյանը չի տարածել։ Նրա ուղերձում ամեն ինչ հստակ էր՝ կոնկրետ բառերով, հասցեատերերով։
Այո, Նիկոլ Փաշինյանը օգտագործել է և՛ Ցեղասպանություն բառը, և՛ այն իրագործողներին ու պատասխանատուներին է հիշատակել՝ Օսմանյան կայսրությանը։ Իհարկե, տարօրինակ ու ամոթալի է, որ մենք «ոգևորվում ենք» նրանից, որ Հայաստանի դե յուրե ղեկավարը դեռ չի հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթից և ցեղասպանության փաստից, բայց առավել տարօրինակ է Հայաստանի նախկին ու այլևս լիարժեք ազատ ու անկախ նախագահի այս վախվորած, անատամ, անհասցե և «մետաֆիզիկական» բնույթի գրառումը, որն ընդամենը լիրիկական զեղումներով բառակույտ է՝ ուրիշ ոչինչ։
Վահե Մակարյան