Տիգրան Առաքելյանին խոշտանգելու գործը կա, մեղադրյալը չկա. ո՞վ է անձեռնմխելի Աննա Վարդապետյանի համար

Տիգրան Առաքելյանին խոշտանգելու գործը կա, մեղադրյալը չկա. ո՞վ է անձեռնմխելի Աննա Վարդապետյանի համար

Mediahub-ը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ՀՀ Քննչական կոմիտեում քաղաքացի Տիգրան Առաքելյանին կամ նրա պաշտպանին առերևույթ խոշտանգելու կամ ծեծի, բռնության ենթարկելու դեպքով հարուցված քրեական վարույթ առկա՞ է, թե՞ ոչ, նախաքննություն իրականացնող ո՞ր մարմնի վարույթում է այն գտնվում և ի՞նչ փուլում է հիմա։ 

Հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք կա՞ն այս գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք և ովքե՞ր են նրանք։ Ի պատասխան՝ դատախազությունից տևական ժամանակ մտածելուց հետո տվել են այսպիսի պատասխան․ «Տիգրան Առաքելյանին ՀՀ Քննչական կոմիտեում խոշտանգելու առերևույթ դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ առկա չէ»։ 

Իսկ Տիգրան Առաքելյանի պաշտպանին խոշտանգելու դեպքով, ըստ դատախազության պատասխանի, առհասարակ քրեական վարույթ առկա չէ։ Այսինքն՝ մի դեպքով քրեական վարույթը կա, տուժողը կա, բայց մեղադրյալ չկա, իսկ մյուս՝ փաստաբանին խոշտանգելու դեպքով առհասարակ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այլ կերպ ասած՝ իրավապահ մարմիններն ու բուն դատախազությունը գործը կոծկել են, հատկապես, որ խոսվում էր, որ հենց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է անձամբ մասնակցել Տիգրան Առաքելյանի խոշտանգմանը։

Բայց քանի որ Քննչական կոմիտեի նախագահի նկատմամբ «արգելված» է քրեական վարույթ նախաձեռնելը, ուստի գլխավոր դատախազը, որքան էլ Քյարամյանի հետ ունեցած իր «առերևույթ» հակասություններին, զերծ է մնացել նրա դեմ որևէ քայլ անելուց։ 

Դատախազությունից խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել, թե նախորդ մեկ տարվա կտրվածքով ՀՀ իրավապահ մարմիններում քաղաքացիներին կամ նրանց պաշտպաններին ծեծի, բռնության ենթարկելու կամ խոշտանգելու դեպքերով քանի՞ քրեական վարույթ է առկա, ի՞նչ փուլում են դրանք գտնվում, և կա՞ն, արդյոք, իրավապահ համակարգի ծառայողներ, որոնք ունեն որևէ կարգավիճակ, այդ թվում և մասնավորապես՝ մեղադրյալի։ Դատախազությունից, սակայն, այս հարցի վերաբերյալ նշել են, թե հարցմամբ բարձրացված այլ հարցերի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վիճակագրական առանձին հաշվառում առկա չէ, ինչն առնվազն տարօրինակ է։ 

Վահե Մակարյան