Ե՞րբ և ինչպե՞ս կսկսեն տրամադրել կենսաչափական անձնագրերը

Կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի համար մրցույթ է հայտարարվել, ծառայությունը որոշել են վստահել մասնավորին, քանի որ պետությունն այլևս տեխնիկապես ի վիճակի չէ նման անձնագրեր տպել ու սպասարկել, և հույս ունեն՝ մինչև 2025 թվականը ոլորտային այս բարեփոխումը կյանքի կկոչեն։
Այս մասին Mediahub-ին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը։
«Կենսաչափական անձնագրերի տրամադրումը արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարեցվել է, ավելի ստույգ՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ով դադարեցվել է, որովհետև մեր ունեցած ենթակառուցվածքներն այլևս չէին սպասարկում այն էլեկտրոնային կրիչները, որոնք աշխարհում ակտուալ են։ Եւ համակարգը մոդերնիզացնելու խնդիր էր դրված։ Որոշվեց, որ այդ խնդիրը լուծվելու է պետություն-մասնավոր ձևաչափով, այսինքն՝ անձնագրային ծառայությունները մատուցելու է մասնավորը։ Հիմա այդ գործընթացը ընթացքի մեջ է, կոնկրետ այս պահին որակավորման փուլն է հայտարարված, որակավորման փուլի վերջնաժամկետը ապրիլի 11-ն է, 12-ին հայտերը կբացվեն, գնահատող հանձնաժողով է ձևավորվել կառավարության որոշմամբ, որը պետք է այս պահին երեսնօրյա ժամկետում՝ հաշված ապրիլի 12-ից, ցուցակագրի որոկավորված մասնակիցներին, ապա հաջորդելու է նրանց հետ խորհրդատվության փուլը այս գործըթնացում, այնուհետև արդեն բուն մրցութային հատվածն է բացվելու, և որակավորված ընկերությունները դներկայացնելու են իրենց առաջարկները»,- ասաց Նելլի Դավթյանը՝ նշելով, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում է տեղի ունենալու։
-Հիմա, եթե քաղաքացին ունի վաղուց ստացած կենսաչափական անձնագիր, դրա օգտագործման համար խնդիրներ կարո՞ղ են առաջանալ, թե՞ շարունակելու է օգտագործել նույն կերպ, ինչպես օգտագործել է։
-Այո, շարունակելու է օգտագործել, ինչպես մինչև այժմ օգտագործել է։ Այն, ինչ որ արդեն տրամադրվել է, որևէ խնդիր քաղաքացու կյանքում չի առաջացնելու։ Նորը տրամադրվելու հետ կապված բարդություններ են առաջացել, դրա համար է ընդհատվել, հիմա իմ այս նշած գործընթացների արդյունքում շատ մոդերն, ապահով և անվտանգ, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող փաստաթուղթ ենք արտադրելու։ Մասնավորի կողմից է արտադրվելու, մասնավորի կողմից էլ ծառայությունը մատուցվելու է, բայց, իհարկե, այս ամբողջ պրոցեսի կարևոր գործառույթները, այն է՝ տվյալները, որոշում կայացնելու բացառիկ լիազորությունը և պրոցեսի հսոկղությունը մնալու է պետությանը։
-Այսինքն՝ անձնագրային ծառայությունները ամբողջությամբ մնալու են, միայն կենսաչափական անձնագիր տրամադրելու հատվա՞ծն է փոխանցվելու մասնավորին։
-Ոչ, ամբողջությամբ անձնագրային ծառայությունները, այդ թվում՝ նույնականացման քարտերի հետ կապված ծառայությունները մատուցվելու են մասնավորի կողմից, յուրաքանչյուր մարզում մեկ անձնագրային ծառայություն է լինելու, կենսաչափական տվյալները հավաքագրվելու են նոր տեխնոլոգիաներով, և իմ նշած այդ կոնցեպտը իր ամբողջ հունով ուժի մեջ է մտնելու տասը տարին մեկ։ Եթե ամեն օր Դուք անձնագիր կորցնեք, միևնույն է, անձնագրային ծառայություն մոտենալու կարիք չեք ունենալու, որովհետև այդ բիոմետրիկան արդեն մասնավորի կողմից հավաքագրվել է, և ամեն անգամ տասը տարի ժամկետով օգտագործվելու է։ Այսինքն՝ բոլոր ծառայությունները, սկսած՝ փաստաթղթի արտադրությունից մինչև քաղաքացուն տրամադրելը, մատուցելու է մասնավորը, բայց պետության վերահսկողությամբ, պետության տվյալներով և պետության կողմից կայացրած որոշման հիման վրա։
-Ե՞րբ եք նախատեսում վերջնական կյանքի կոչել այս փոփոխությունը։
-Եթե ամեն ինչ իմ այս նշած ժամանակացույցով ընթանա, ոչ մի խոչընդոտող հանգամանք ընթացքում չլինի, ենթադրենք՝ որակավորման փուլի ավարտից հետո ինչ-որ բողոք չլինի մասնավորի կողմից, որը արհեստականորեն կձգձգի պրոցեսը, 2025 թվականի նոյեմբերին կունենանք կնքված պայմանագիր հաղթած ընկերության հետ։
-Հիմա, փաստորեն, այս անձնագրային բաժինների միավորման գֆործըթնացը, որ կա, օրինակ՝ Չարենցավանի բաժինը ուզում եք միավորել Հրազդանի բաժնի հետ, Նոր Հաճընն ու Բյուրեղավանը՝ Եղվարդի և այսպես շարունակ, սա դեռ վերջնական միավորում չէ, դրանցի հետո էլի՝ ավելի գլոբալ խոշորացման գործընթա՞ց է սպասվում։
-Դա մեկնաբանության հարց է, ես այլ կերպ Ձեզ ներկայացնեմ պրոցեսները․ տեղի է ունեցել միգրացիայի ոլորտում խորքային բարեփոխումներ, որի արդյունքում ստեղծվել է նոր մարմին, դա Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է՝ նախկին միգրացիոն ծառայության և նախկին անձնագրերի և վիզաների վարչության միավորմամբ, Ներքին գործերի նախարարության կազմում մենք նոր կոնցեպտ ենք ներդրել՝ ինչպես կառավարել միգրացիոն պրոցեսները մեր երկրում։ Դրան զուգահեռ, անկախ այս պորցեսներից, արդեն ընթացք էր տրվել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով անձնագրային ծառայությունների համակարգը մոդերնիզացնելու հարցում։ Հիմա այս երկուսը համընկել են, և քանի որ մենք ոլորտը վերանայելու ենք ամբողջությամբ, բայց հաշվի ենք առնում նաև, որ երկու տարվա կտրվածքով, ըստ էության, այդ ՊՄԳ համագործակցությունն էլ կյանքի է կոչվելու, դրա համար մենք հիմա մեր առջև խնդիր չենք դնում ոստիկանության շենքերից հանել բոլոր անձնագրային ծառայությունները, տեղափոխել ավելի բարեկարգ տարածքներ, որովհետև մինչև դա անենք, արդեն մասնավորը կգա։ Այսինքն՝ հիմա մենք միջանկյալ լուծումներով ենք ծառայությունների մատուցումը բարելավում, մինչև որ վերջնական լուծումը կգա։
Վահե Մակարյան