Իրավապահ համակարգը՝ Փաշինյանի պատանդ

Իրավապահ համակարգը՝ Փաշինյանի պատանդ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ իրավապահ համակարգն է՝ իր ամբողջության մեջ, որը վերջին օրերին դարձել է ռեպրեսիվ գործիք՝ ընդդիմադիրներին հալածելու, նրանց ճնշումների ենթարկելու հարցում։

Արտառոց կալանավորում

Ընդդիմության մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ, գործիչներ, համակիրներ արդեն կալանավորված են՝ տարբեր մեղադրանքներով, հոդվածներով, դրվագներով։ Դրանք արտաքուստ են տարբեր, իրականում՝ բոլոր գործերը շինծու են ու «կարվել» են մեկ նպատակով՝ ահաբեկել հասարակությանը ու զսպել ընդդիմադիր շարժման զարգացումը։

Բայց այս ամենի համատեքստում՝ ամենաարատառոցը, թերևս, քաղաքական, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորումն է, որն, ըստ էության, տեղի է ունեցել սուտ մատնության հիմքով։

Այս գործի մեկ այլ կարևոր դրվագի վրա էլ մատնանշել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու: Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ՖԲ իր էջում գրել է Թաթոյանը։

Զգուշացում՝ իրավապահներին

Ոստիկանությունը, նախաքննության մարմինները, դատարաններն արդեն անցնում են այն ողջամիտ սահմանը, որից անդին հնարավոր է լսել նրանց որևէ արդարացում՝ կայացված ապօրինի որոշումների, կատարված գործողությունների վերաբերյալ։ Որևէ մեկը չի մոռացվելու, որևէ բան չի մոռացվելու։

Վահրամ Բագրատյան