Գիտեմ, որ Միքայել Արզումանյանն ընդհանրապես մեղք չունի, օբյեկտիվ քննություն, որ տարվի, ամեն ինչ պարզ կլինի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի մտերիմ ընկեր, ազատամարտիկ, հետախույզ Արթուր Ավանեսյանը, ով առավել հայտնի է Կանդազ մականունով։
Արզումանյանն այս պահին կալանքի տակ է և ինչպես ավելի վաղ էինք հայտնել՝ ըստ էության, որոշում կա, որ ՊԲ-ից հանրությանը հայտնի անձինք բոլորն էլ ցուցմունք տան։
Հարցին, թե, օրինակ, Սամվել Բաբայանի մասով տեղեկություն ունի՞ ազատամարտիկը, արդյոք նա կանչվել է հարցաքննության, վերջինս պատասխանեց՝ տեղյակ չէ։
«Առերեսումների մասին տեղյակ եմ, բայց պարզապես գիտեմ, թե որ եղել են: Մանրամասներ չգիտեմ, բնականաբար, ես չեմ եղել ու տեղյակ էլ չեմ, թե ովքեր են հրավիրվել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Միքայել Արզումանյանը բանակի ներկայացուցիչներից միակը չէ, որ թիրախավորվում է, վերջինս արձագանքեց՝ հիմա բոլորն էլ թիրախավորված են։
Հարցին՝ հնարավո՞ր է «մի օր իրեն էլ հասնեն», պատասախանեց՝ «Ոչ, իմ անձի շուրջ նման բան չի լինի»,- վստահ ամփոփեց նա։
MediaHub-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Նա բերման է ենթարկվել սույն թվականի օգոստոսի 30-ին Արցախից Երևան գալուց, կալանավորվել է սեպտեմբերի 2-ին:
Լիաննա Թորոսյան