ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից

Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման համար։ Հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։

Նա ասել է, որ ԵՄ-ն հավաքագրում է ջանքերը՝ Արցախի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարել էր ավելի քան 12 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը: Պետք է պաշտպանել տեղի հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը: ԼՂ-ում ՄԱԿ-ի երկու առաքելություններից հետո ԵՄ-ն նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն հաստատել»,- նշել է Բորելը:

«ԵՄ-ի ընդհանուր նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։