Բայդենը պատժամիջոցներ կկիրառի ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների դեմ

Բայդենը պատժամիջոցներ կկիրառի ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հինգշաբթի օրը պատժամիջոցներ կիրառել մի շարք ռուս օլիգարխների ու նրանց ընտանիքների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է Европейская правда-ն:

Պատժամիջոցները կհամապատասխանեն այն միջոցառումներին, որոնք Եվրամիությունը մտցրեց փետրվարի 28-ին։

ԵՄ պատժամիջոցներն ազդել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի, «Ալֆա գրուպ»-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆրիդմանի, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևի, օլիգարխներ Ալիշերի, Պետր Ավենի և Գենադի Տիմչենկոի վրա:

Նշվում է, որ սահմանված պատժամիջոցներն արդեն իսկ ազդեցություն են ունեցել ռուս օլիգարխների վրա։ Մասնավորապես, Ֆրանսիայում առգրավվել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի Amore Vero զբոսանավը։ Ռոման Աբրամովիչը, ով համարվում է պուտինյան ռեժիմի հովանավորներից մեկը, վաճառքի է հանել ոչ միայն իր ակումբը՝ «Չելսին», այլև շքեղ անշարժ գույք, որը նա ունի Լոնդոնում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։