Մոնղոլիայում ռուսական «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերսկսումը դեռ հնարավոր չէ

Մոնղոլիայում ռուսական «Միր» վճարային համակարգի աշխատանքի վերսկսումը դեռ հնարավոր չէ, քանի որ տեղական բանկերը չեն կարող դա անել պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է «Մոնղոլբանկի» նախագահ Բյադրանգիին Լխագվասուրենը, գրել է ՏԱՍՍ-ը։
Նա պարզաբանել է, որ «Միր» քարտերով Մոնղոլիայում Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարումներ սկսելու հարցը երկար ժամանակ քննարկվել է, սակայն լուծում դեռևս չկա։
Ինչպես նշել է գործակալությունը, վերջին անգամ այդ հարցը բարձրացվել է 2023 թվականի հոկտեմբերին Ուլան Բատորում առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ռուս-մոնղոլական միջկառավարական հանձնաժողովի նիստում։
Վերջին շաբաթներին ԵԱՏՄ երկու անդամներ՝ Ղրղզստանը և Հայաստանը, հայտարարել էին երկրում «Միր» քարտային համակարգի դադարեցման մասին։ Երկու հանրապետություններն էլ որոշումը բացատրել են Արևմուտքի պատժամիջոցների սպառնալիքով և իրենց ֆինանսական համակարգի կայունության առաջնահերթությամբ։
Կրեմլը հաստատել է, որ խոսքն ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման մասին է, և հայտարարել երկրների հետ բանակցություններ վարելու՝ սպառնալիքները վերացնող ալգորիթմներ գտնելու համար։