Նոյեմբերի 9-ի ի՞նչը չեղարկենք, հռչակագիրը հետընտրական պայմանավորվածությունների մասին է. Սաղաթելյան

«Հռչակագրով առաջարկում ենք՝ հաջորդ իշխանությունները առոչինչ ճանաչեն խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունները»։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին` ինչ հռչակագիր են առաջարկում, որպեսզի քաղաքական ուժերը ստորագրեն և դրանով Նիկոլ Փաշինյանի կոնկրետ ո՞ր գրավոր և բանավոր պայմանավորվածություններն են առաջարկում առոչինչ ճանաչել, արդյոք նոյեմբերի 9–ի հայտարարությունը և՞ս առաջարկում են չեղարկել։ «Ինչ վերաբերում է Նոյմեբերի 9-ի հայտարարության չեղարկմանը, որ անընդատ առիթավորվում են և քանի օր է հարձակվել են, փաստորեն, տեսեք սրանց սրիակայության չափը և աստիճանը։ Պարտությամբ և դավաճանությամբ կնքել են կապիտուլիացիայի հայտարարություն, առանց կրակոցի թշնամուն են հանձնել Քարվաճառը, Աղդամը, Զանգելանը, մեր ենթակայության տակ գտնվող բազմաթիվ տարածքներ, կազմաքանդել են բանակը, երկիրը բերել հասցրել են այս օրին, կանգնեցրել են մեզ փաստի առջև, հիմա էլ ասում են՝ եթե ընդդիմությունը այդքան համարձակություն ունի, թող ասի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ է չեղարկում։ Նոյեմբերի 9-ի ի՞նչը չեղարկենք, դժբախտաբար, արդեն կայացած փաստ է, մի կետ չի իրականացավել միայն` ռազմագերիներին, ապօրինի պահվող անձանց վերադարձի վերաբերող կետը»,-ասաց նա։

Ճշտող հարցին, կոնկերտ ի՞նչ պայմանավորվածություններն են առաջարկում առոչինչ ճանաչել, Իշխան Սաղթելյանն ասաց․ «Այս օրերին ի՞նչ են բանակցում, հիմա, օրինակ, ի՞նչ է բանակցում Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ, Ռուբեն Ռուբինյանը՝ Քըլչի հետ։ Պաշտոնական հայտարարությունների տակ մի ուրիշ բան է դրված, վստահեցնում եմ ձեզ։ Խոսքը դրա մասին է, պետք չէ խեղաթյուրել, աղավաղել։ Իրենք վազում են Մոսկվա, ասում են՝ «տեսեք, օրվա ընդդիմությունը ուզում է չեղարկի նոյեմբերի 9-ը, որտեղ կա ՌԴ նախագահի ստորագրությունը»։ Վազում են արևմտյան երկրների դեսապանատներ, այդ թվում ԱՄՆ-ի, ասում են՝ «տեսեք, սրանք դեմ են խաղաղության օրակարգին»։ Զանգում են Ալիևին, էրդողանին, ասում են՝ «տեսեք՝ ռևանշիստները ինչ են անում, օգնեք իշխանությունը պահենք», դրան զուգահեռ ժողովրդին ասում են՝ ով էլ եկավ, բան չի փոխվի»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ հիմա հռչակագրի շուրջ քննարկումներ են ընթանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Գևորգյան