Ո՞րն է Թուրքիայի կողմից Ս-400-ների երկրորդ գնդի գնման մասին լուրերին ԱՄՆ-ի զուսպ արձագանքի պատճառը․ Defense News

Ո՞րն է Թուրքիայի կողմից Ս-400-ների երկրորդ գնդի գնման մասին լուրերին ԱՄՆ-ի զուսպ արձագանքի պատճառը․ Defense News

Ջո Բայդենի վարչակազմը չի սպառնացել լրացուցիչ պատժամիջոցներով այն տեղեկությունից հետո, որ Թուրքիան ծրագրում է ստանալ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակը, գրում է Defense News-ը։

Թուրքիան ի սկզբանե ձեռք էր բերել Ս-400-ները 2017 թվականին, ինչը հանգեցրել էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի։ Գործարքի արդյունքում Թրամփի վարչակազմը Թուրքիային հանել էր F-35 ծրագրից, այնուհետեւ պատժամիջոցներ սահմանել երկրի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության եւ նրա ղեկավարների դեմ։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ հզոր Ս-400 ռադիոտեղորոշիչ համակարգը Ռուսաստանին թույլ կտա լրտեսել ժամանակակից F-35 կործանիչին։

Բայց այս անգամ ԱՄՆ-ում արձագանքը համեմատաբար զուսպ էր։ Մամուլի համար ճեպազրույցում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել Թուրքիային չփոխգործակցել ռուսական պաշտպանական հատվածի հետ։

«Այն տեսակետը, որը մենք հետեւողականորեն ընդգծում էինք ամբողջ մասշտաբով, այն է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան եւ չարդարացված պատերազմն այժմ ավելի քան երբեւէ, կենսական է դարձնում, որ բոլոր երկրները խուսափեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ գործարքներից»,- ասել է նա: «Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք տեղյակ չենք այս հարցում որեւէ նոր իրադարձության մասին»,- հավելել է Փրայսը:

Փրայսը հրաժարվել է ասել, թե կստիպի արդյոք նոր խմբաքանակի գնումը վերանայել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու ծրագրերը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւին, հայտարարել էր Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի ստորագրման մասին։

Թուրքական պաշտպանական գերատեսչության աղբյուրները շտապել են հերքել լրացուցիչ պայմանագրի կնքման մասին Ռուսաստանի պնդումները՝ նշելով, որ Ս-400-ների երկրորդ գունդը նախնական համաձայնագրի մաս է կազմում։

Թուրքական աղբյուրները Defence News-ին հայտնել են, որ Ռուսաստանի հետ կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել երկրորդ գնդի համար երկրի ներսում Ս-400-ների որոշ բաղադրիչների արտադրության համար։

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Թուրքիայի բարդ հավասարակշռությունն ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի է դժվարացել։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ջերմացման ամենաուժեղ նշանը եղավ հունիսի վերջին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու դեմ իր առարկություններից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այնուհետեւ հունիսին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում աջակցություն հայտնեց F-16-ի վաճառքին։

Անկարայից պատվիրակությունը երկուշաբթի ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնի հետ F-16-ի հնարավոր գործարքի շուրջ տեխնիկական բանակցությունների չորրորդ փուլին, հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիան խնդրել է 6 մլրդ դոլարով 40 հատ Lockheed Martin Block 70 F-16 կործանիչ գնել։ Նա նաեւ փնտրում է 400 միլիոն դոլարի առանձին վաճառքի հնարավորություն՝ իր ներկայիս F-16 ինքնաթիռները նոր հրթիռներով, ռադարներով եւ էլեկտրոնիկայով արդիականացնելու համար:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը սպառնացել է արգելափակել F-16-ի վաճառքը՝ Թուրքիայի կողմից Ս-400-ի շարունակական տիրապետման, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Հունաստանի օդային տարածքի եւ Կիպրոսի ջրերի խախտման, մարդու իրավունքների խախտումների եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ ապստամբների վրա շարունակվող հարձակումների պատճառով։

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան եւ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Էրիկ Էդելմանը ասել է, թե կարծում է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ Ս-400-ների գործարքը կխանգարի հարաբերությունները բարելավելու ջանքերին: «Դա, մեղմ ասած, կբարդացնի Թուրքիային F-16-ներ վաճառելու Բայդենի վարչակազմի ջանքերը եւ կբարկացնի Թուրքիային չարախոսողների աճող լեգեոնին Կապիտոլիումի բլրի վրա»,- ասել է Էդելմանը:

Օբամայի վարչակազմի օրոք Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հարցերով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ջիմ Թաունսենդն ասել է, թե կասկածում է, որ Ս-400-ների գործարքը կնքվել է առանց Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին նախազգուշացնելու: Նա ենթադրել է, որ դա հացահատիկի միջազգային գործարքի մաս է եղել: Նա հավելել է, որ այդ հաղորդագրությանը ԱՄՆ-ի զուսպ արձագանքն առեղծվածի բանալին է։ «Եթե մենք չենք գոռում ամբիոնից, մենք հավանաբար գիտեինք այդ մասին»,- ասել է Թաունսենդը: