Սուտ է․ մարզպետի հետ այդ լուրերը տարածողի տանն էինք․ Տեղի համայնքապետ

Սուտ է․ մարզպետի հետ այդ լուրերը տարածողի տանն էինք․ Տեղի համայնքապետ

«Բացարձակ սուտ է, ո՞նց կարող է նման բան լինել»,- Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի արձագանքն է մամուլում տարածված լուրերին, թե համայնքի ճանապարհները խճապատելու համար գյուղացիներից 5000 դրամ են հավաքում։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր Սյունիքի մարզպետն էլ է այդ հարցով այցելել համայնք, և իրենք միասին այցելել են լուրը տարածող ավագանու անդամի՝ Մասիս Զեյնալյանի տուն։ 

«Ավագանու այդ անդամը երեք ամիս է՝ ՌԴ-ում է, նիստերին էլ չի գալիս։ Մարզպետի հետ գնացինք նրա տուն։ Գնացինք, նրանց տանն էլ ասացինք, որ նման բան չկա։ Ո՞նց կարող է համայնքի ղեկավարը փող հավաքել»,- նշեց Ղուլունցը։ 

Հարցին, թե ինչո՞ւ են նման լուրեր տարածում, նա ասաց, որ պետք է տարածողից հարցնել.

«Իր հայրն ասաց, որ տղան կոնտուզիա է տարել, հոգեկան հիվանդ է»,- նշեց նա։ Այլ մեկնաբանություն Դավիթ Ղուլունցը թեմայի առնչությամբ չուներ։ 

Նարե Գնունի