Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրները։ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակսում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման համար։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հեռախոսազրույցը ստեղծված իրավիճակի վրա։ MediaHub-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։
Ի պատասխան մեր հարցի՝ Գառնիկ Դանիելյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, և ԵԱՏՄ շուկայում առաջացած սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում հայ տնտեսվարողներին։
«Ռուսական կողմը, որքանով տեղեկացված եմ, իր հայտարարությունների մակարդակով պահանջում է անցկացնել հանրաքվե ու հասկանալ՝ Հայաստանը ցանկանո՞ւմ է գնալ դեպի Եվրամիություն։ Ժողովուրդը պիտի որոշի՝ ձգտել ԵՄ, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ արդեն հերթական անգամ հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ է տեղի ունենում հեռախոսազրույց կամ հանդիպման փորձ։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է, իսկ ԵԱՏՄ շուկայի սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում հայ տնտեսվարողներին։ Մենք փոքր երկիր ենք, և մեր արտահանման առյուծի բաժինը ընկում է ԵԱՏՄ երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։ Եթե իրավիճակը շարունակվի, հետևանքները ոչ թե պարզապես լուրջ, այլ արդեն կարող են լինել աղետալի, և կարծում եմ՝ Փաշինյանն արդեն հասկացել է այդ վտանգները»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Դանիելյանի՝ իշխանությունները խոսում էին շուկաների դիվերսիֆիկացման, եվրոպական և մերձավորարևելյան շուկաներ դուրս գալու, այլընտրանքային ուղիներ գտնելու մասին և հայտարարում էին՝ այդ ուղղությամբ լուրջ արդյունքներ կան։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դա իրականությանը չի համապատասխանում։ Նոր սահմանափակումներ են մտցվել նաև կաթնամթերքի արտահանման հետ կապված, ինչը հիմնականում վնասելու է պանրագործներին, կաթնամաթերք արտադրողներին և զգալի հարված է հասցնելու գյուղատնտեսությանը։
«Այս ամենը, կարծում եմ, ստիպում է իշխանություններին փորձել լեզու գտնել Ռուսաստանի հետ։ Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ արտահանման գործընթացի խաթարումը լրջագույն հետևանքներ է ունենալու։ Տեսնում ենք նաև, որ նույնիսկ այն ապրանքների մի մասը, որոնք փոքր խմբաքանակներով հասնում են այլ շուկաներ, երբեմն ոչնչացման են ենթարկվում, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում ֆերմերների և արտահանողների համար։ Հաշվի առնելով, որ այժմ գյուղմթերքի մթերման թեժ շրջանն է՝ եթե լուծումներ չգտնվեն, մթերող կազմակերպություններն իրենք էլ մեծ դժվարությամբ են ընդունելու այդ արտադրանքը»,- ասաց Դանիելյանը։
Նկատելի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ինչը ևս քաղաքական քննարկումների առիթ է դարձել։ «Կարծում եմ՝ այս բոլոր գործընթացները փոխկապակցված են։ Հայաստանի վարած քաղաքականությունը, հատկապես այն քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, որոնք համարվում են պրոռուսական, ինչպես նաև նրանց նկատմամբ իրականացվող ճնշումները և խորհրդարանից դուրս թողնելը, իրենց ազդեցությունն ունեն։ Ռուսական կողմը, իմ կարծիքով, այս ամենով փորձում է հասկացնել հայ իշխանություններին, որ իրենց վարած քաղաքականությունը ոչ միայն առանձին անձանց, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետևանք է»,- եզրափակեց խոսքը Գառնիկ Դանիելյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский