Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանում ցույցերը շարունակվում են․ ԱՄՆ-ն կմիջամտի՞

Blog Image

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Նշվում է, որ ըստ նորվեգական Iran Human Rights կազմակերպության տվյալների՝ զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում՝ 8 անչափահաս։ Իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին 21 զոհի մասին, որոնց շարքում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ 

BBC-ն, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, հաղորդում է, որ ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Ըստ այդ կազմակերպությունների տվյալների՝ առնվազն 34 ցուցարար է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Բացի այդ, զոհվել է 8 իրավապահ։ 2270 ցուցարար ձերբակալվել է։

Ըստ բրիտանական NetBlocks կազմակերպության՝ Իրանի իշխանությունները գրեթե ամբողջովին արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Cloudflare IT-ընկերության տվյալներով՝ հունվարի 8-ին Իրանում ինտերնետ թրաֆիկն 90%-ով նվազել է։

Իրանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող գահընկեց թագաժառանգ Ռեզա Փահլավին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը «պատասխանատվության է ենթարկում ռեժիմին», և եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար:

Արդյո՞ք Իրանում տեղի ունեցող ցույցերը ներքին անհնազանդության արդյունք են, թե՞ այլ խնդիր կա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վասիլի Պապավայի հետ։

«Իրանում իրավիճակը սրվում է տարիների ճգնաժամից կուտակված հանրային հոգնածության, կոշտ պատժամիջոցների հետևանքների և 2025 թվականի տարածաշրջանային լարվածության պատճառով։ Պարզ է դառնում, որ Իրանը չի կարող գոյություն ունենալ տեղեկատվական կամ քաղաքական վակումում։ Այս մասշտաբի ներքին ցնցումները միշտ գրավում են արտաքին ուժերի ուշադրությունը, որոնց շահերը ուղղակիորեն հակասում են պաշտոնական Թեհրանի քաղաքականությանը։ Խնդիրների մեծ մասը ծագել է իրանական հասարակության ներսում։ Մենք գործ ունենք երկարատև տնտեսական անկման արդյունքի հետ, որի դեպքում համակարգային կառավարման սխալները և երկարատև պատժամիջոցների ռեժիմը հանգեցրել են կենսամակարդակի կրիտիկական անկման»,- նշեց Պապավան։

Ըստ իրանագետի՝ ներքին հակասությունները ստեղծել են սոցիալական անկարգությունների համար անհրաժեշտ հիմք, մինչդեռ արտաքին գործիչները գործում են որպես կատալիզատոր՝ ձգտելով ընդհանուր դժգոհությունը ուղղորդել իրենց սեփական աշխարհաքաղաքական նպատակներին։ 

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, իրանագետը նշեց․ «Իրանական իրադարձություններում ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտությունը ներկայումս անհավանական է թվում։ Վաշինգտոնը փորձում է սահմանել Իրանի անվտանգության ուժերի համար ընդունելի սահմանները՝ միաժամանակ բարոյական աջակցություն ցուցաբերելով ընդդիմադիր խմբերին։  ԱՄՆ վարչակազմը, հավանաբար, կկենտրոնանա անուղղակի մեթոդների վրա՝ տնտեսական պատժամիջոցների ուժեղացում, դիվանագիտական մեկուսացում և կապի ուղիների տեխնոլոգիական աջակցություն, միաժամանակ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անվերահսկելի տարածաշրջանային պատերազմի»։

Իրանագետը հավելեց․ «Մոտ ապագայում մենք, հավանաբար, կտեսնենք Թեհրանի դասական մարտավարությունը՝ կոշտ ճնշումներ՝ զուգորդված կապի նպատակային խափանումների հետ։ Եթե բողոքի ցույցերը չստանան հստակ կառուցվածք և աջակցություն անվտանգության ուժերի շրջանում, նրանք ռիսկի են դիմում կրկին այրվել հզոր մեքենայի ճնշման տակ՝ թողնելով միայն ավելի խորը պառակտում հասարակության և պետության միջև»։

Մարիաննա Արամյան

Թեգեր :
Send