Երեկ համացանցում լուսանկար հրապարակվեց, որում երևում էր, թե ինչպես է ծառը շրջվել մեքենայի վրա՝ վնասելով այն։
Դեպքը տեղի է ունեցել Պուշկին փողոցում, ցերեկվա ժամերին՝ մոտավորապես 16:00-ի կողմերը։
MediaHub-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ կողաշրջվածը եղել է սնամեջ՝ բացի օդից որևէ այլ բան չպարունակող, դատարկ ծառ։ «Մենք վերջերս ձեռք ենք բերել ռեզիստոգրաֆ կոչվող գերժամանակակից, ամենավերջին մոդելի սարքավորումներից, որը որոշում է ծառերի այսպես ասած կենսունակությունը, իսկ եթե ավելի մասնագիտորեն՝ ծառերի ներսում, այսինքն՝ ինչը մեզ ակնադիտորեն տեսանելի չէ, սարքը ցույց է տալիս, որ դրանց շատերի մեջ փուչ են»,- ասաց Բեգոյանը։
Նրա խոսքով՝ սնամիջություն ունեցող, փտած, ախտահարված, բայց կենսունակ կանաչ տերևներով հացենին տապալվել է՝ վնասելով, ջարդուփշուր անելով մարդկանց ավտոմեքենաները։
Բեգոյանը նշում է, որ անցած տարի ծառերի շուռ գալու հետևանքով վնաս կրած մեքենաների, շարժական և անշարժ գույքի թիվն անցնում է 200-ը։ «Այդ ծառերը ապրել են իրենց կյանքը, նրանք մեզ ոչինչ չեն տալիս, բացի այդտեղ կանգնած լինելուց և տեղ զբաղեցնելուց մեր կանաչ տարածքներում։ Եվ ինչպես ասել եմ, նորից պիտի կրկնեմ, դրանք ենթակա են հատման և փոխարինման, ինչքան շուտ, այնքան լավ, և նման դեպքերն՝ այնքան քիչ»,- հավելեց նա։
Եզրափակելով խոսքը՝ Բեգոյանը նշեց՝ տուժածներ չկան, միայն գույք է վնասվել՝ 1 մեքենա, և մեկ այլ մեքենայի մի փոքր հատված։ Վնասի փոխհատուցումն իրավական գործընթաց է, և պարզ չէ՝ տուժող կողմը կփոխհատուցվի՞, թե՞՝ ոչ։
Էմմա Մարտիրոսյան

Русский