Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի վերջին հայտարարությունը, որտեղ նա խոսում է «Թրամփի ուղու» կամ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի մասին, նոր քաղաքական ուղերձ է Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում։ Վելայաթին հայտարարել էր, որ «Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության նահանջը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ իրանագետ Նվեր Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում ընդգծեց, որ Իրանի այս դիրքորոշումը նոր չէ, այլ շարունակական քաղաքական գիծ է։
«Սա նորություն չէ, սա իրենց հիմնական դիրքորոշումն է»,- նշեց իրանագետը։
Դավթյանի խոսքով՝ Իրանի համար «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր վտանգը միայն Թուրքիայի ազդեցության ուժեղացումը չէ, այլ առաջին հերթին տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունն ու Հայաստանի հետ սահմանի հնարավոր փոփոխության ռիսկը։ Ըստ նրա՝ Հայաստանի համար իրական վտանգ կարող է առաջանալ այն դեպքում, եթե Ադրբեջանը ներքաշվի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մեջ։
«Հայաստանի համար վտանգ կարող է լինել այն դեպքում, եթե Ադրբեջանը ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ։ Նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանալու Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցամաքային ճանապարհով աջակցության։ Տվյալ պարագայում կարող է առաջին պլան մղվել Զանգեզուրի միջանցքով՝ Սյունիքի տարածքով, Ադրբեջանին կապ ու մատակարարումներ ապահովելու հարցը»,- նշեց Դավթյանը։
Միևնույն ժամանակ, իրանագետը կարծում է, որ այստեղ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ Թուրքիան, քանի որ Անկարայի համար ևս ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմի սցենարը։
«Ադրբեջանին կարող է զսպել Թուրքիան, քանի որ Թուրքիային միանշանակ նման իրավիճակում ձեռնտու չէ Իսրայելի շահերին համահունչ քայլեր անել, և թույլ տալ, որ Ադրբեջանը Իրանի հետ մտնի պատերազմի մեջ»,- ընդգծեց նա։
Դավթյանը հիշեցրեց նաև, որ 40-օրյա պատերազմի ընթացքում ևս նման ռիսկեր կային, սակայն Թուրքիայի գործոնը որոշ չափով զսպող ազդեցություն ունեցավ։ «Հասկանալի է՝ մի քանի սադրիչ գործողություններ եղան 40-օրյա պատերազմի ժամանակ, բայց կարծում եմ՝ Թուրքիայի գործոնը բավականին ազդեցիկ է եղել, որ կողմերը զսպվածություն ցուց տվեցին և պատերազմի ընթացքում հյուսիսային ճակատ չբացվեց»,- ասաց իրանագետը։
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը, հնարավոր է, կրկին ստիպված լինի հարվածել Իրանին՝ նշելով, որ «չեն կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստանա»։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում զգալի առաջընթաց կա, և կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ։
Այս ֆոնին Նվեր Դավթյանը կարծում է, որ ներկայիս հրադադարը ձեռնտու է թե՛ Իրանին, թե՛ Միացյալ Նահանգներին և ամբողջ տարածաշրջանին։ «Հիմա հրադադար է, և հրադադարը երկու կողմին էլ, նաև տարածաշրջանային երկրներին, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրներին, ձեռնտու իրողություն է»,- նշեց իրանագետը։
Իրանագետի խոսքով՝ Վաշինգտոնի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլ նաև Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը, որն ունի գլոբալ տնտեսական նշանակություն։ «Հիմա հետևյալ իրավիճակն է․ տարածաշրջանային՝ այդ թվում նաև Եվրամիության անդամ երկրներից ոչ բոլորն են կողմ Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ քայլերին, առնվազն Հորմուզի նեղուցը բացելու հարցում։ Դրա համար առաջին պլան են փորձում բերել միջուկային թեման, որը նոր թեմա չէ»,- ասաց Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ թեև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է, սակայն այս փուլում լայնամասշտաբ պատերազմը կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ։ «Այս հրադադարը ցույց է տվել, որ մինչ այս եղած գործողությունները ցանկալի արդյունք չեն տվել, և Իրանը շարունակում է վերականգնել իր ռազմապաշտպանական կարողությունները»,- նշեց իրանագետը։
Դավթյանի խոսքով՝ Իրանը շարունակում է պահպանել սեփական ռեսուրսները վերականգնելու ունակությունը, և նույնիսկ եթե ռազմական գործողությունները կրկին սկսվեն, ակնկալվող արդյունքները կարող են չարդարանալ։ «Գուցե նորից սկսվի պատերազմը, բայց ակնկալվող արդյունքը դժվար տեսնենք։ Հնարավոր է ԱՄՆ-ն, ուղիղ պատերազմի մեջ չմտնելով, կարողանա թիկունքից աջակցել և՛ Իսրայելին, և՛ Միացյալ Էմիրություններին, բայց այդ պատերազմական իրավիճակը չի լուծելու Հորմուզի նեղուցի խնդիրը։ Ընդհակառակը՝ այն ավելի է մեծացնելու ռիսկերը, վնասելու միջազգային առևտրին, նավթատարերի և ծովային նավարկությունների անվտանգությանը»,- եզրափակեց խոսքը իրանագետ Նվեր Դավթյանը։
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն առայժմ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը, թե՛ տարածաշրջանային դերակատարները փորձում են խուսափել լայնամասշտաբ բախումից։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում ցանկացած նոր էսկալացիա կարող է անմիջական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի անվտանգության և Սյունիքի շուրջ զարգացումների վրա։
Ալիտա Եղիազարյան

Русский