MediaHub-ն այսօր հրապարակում էր արել՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ միջադեպին և նշելով, որ դեպքը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմիններն իրենց տեղում ու դիրքում լինեին։
Մասնավորապես, մամուլի հրապարակումների համաձայն՝ քաղաքացուն հայհոյող Ավետ Կոնջորյանի մեքենային ուղեկցել են պարեկային մեքենաներ, սակայն որևէ քայլ չեն արել, երբ նա հայհոյանքներ է հնչեցրել Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանի և նրա ընտանիքի հասցեին՝ հենց Հակոբյանի տան դիմաց:
Մենք ՆԳՆ հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե արդյոք մամուլի հրապարակումները ճիշտ են, և ոստիկաններն ուղեկցել են Կոնջորյանի մեքենային․ եթե այո, ապա ինչու որևէ քայլ չեն արել ու չեն կանխել միջադեպը։ Ի պատասխան մեր հարցման՝ երեկ ՆԳՆ-ն 30-օրյա ժամկետ էր խնդրել մեզնից։ Այսօր անդրադարձել էինք այդ թեմային՝ հստակ նշելով, որ ՆԳՆ-ն մեկ ամիս ժամկետ խնդրելու հիմք չուներ, քանի որ տարբեր մեխանիզմներ կան ոստիկանների՝ Կոնջորյանին ուղեկցել-չուղեկցելը հերքելու կամ հաստատելու համար. ամենապարզ օրինակը ոստիկանական մեքենաներում գործող GPS համակարգերն ու համայնքում առկա տեսախցիկների զննությունն են։ Ինչևէ, այդ հրապարակումից հետո մենք ստացել ենք երկրորդ պատասխանը, որում նշված է.
«Ի պատասխան Ձեր 30.07.2026 թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքների ուսումնասիրման և պարզաբանման կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն»։

Русский