ԱՄՆ պատերազմի նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը մերժել է ինը սենատորների (չորս հանրապետական և հինգ դեմոկրատ)` Ուկրաինայում Starlink-ի (և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի) ծառայության խափանումները հետաքննելու խնդրանքը․ հաղորդել են «The Associated Press»-ը և CNN-ը:
Սենատորներին ուղղված պատասխանում գրասենյակը նշել է, որ այդ մտահոգություններին ավելի տեղին կլինի անդրադառնան ԱՄՆ ռազմաօդային ուժերը կամ ԱՄՆ տիեզերական ուժերը։
«Մտահոգիչ է, որ գլխավոր տեսուչը, կարծես, որոշել է չհետաքննել արբանյակային կապի այն խափանումները, որոնցից կախված է Ուկրաինան՝ իր քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար», - ասել է սենատոր Ջին Շահինը (Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ անդամը և դիմումը ստորագրողներից մեկը)։
ԱՄՆ օրենսդիրներից մեկի օգնականն AP-ին հայտնել է, որ Պենտագոնի գլխավոր տեսուչը «փաստացի հրաժարվում է հետաքննել Մասկի և Starlink-ի գործունեությունը՝ չնայած դրա համար անհրաժեշտ լիազորություններն ու հնարավորություններն ունի»։
Հոկտեմբերի կեսերին ուկրաինական զինվորականները հայտնել էին Starlink-ի (մասնավորապես՝ դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի) աշխատանքում սահմանափակումների մասին՝ նշելով, որ կապն ընդհատվում էր, երբ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) զարգացնում էին ժամում 160 կիլոմետրից ավելի արագություն։
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը Ուկրաինայում Starshield-ի աշխատանքը սահմանափակելու հրաման չի տվել և տեղյակ չէ, թե ով կարող էր դա անել։ «The Telegraph»-ը, վկայակոչելով չորս աղբյուր, հաղորդել էր, որ հենց Մասկն է դիմել Թրամփին նման առաջարկով։ «The Wall Street Journal»-ը նույնպես գրել է, որ Ուկրաինայում Starshield-ի օգտագործման սահմանափակումների հրամանը տվել է Մասկը։
Ինքը՝ Մասկը, մեղադրեց ուկրաինական զինուժին Starlink արբանյակային ծառայության օգտագործման պայմանները խախտելու մեջ՝ նշելով, որ նրանք այն կիրառել են մարդկանց ոչնչացնելուն ուղղված՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվող հարձակումների համար։ Նա նաև հավելեց, որ եթե Ռուսաստանը, որպես պատասխան գործողություն, սկսի ոչնչացնել Starlink-ի արբանյակները, դա կհանգեցնի «ոչնչացման շղթայական ռեակցիայի» և «տիեզերական աղբի հսկայական ամպի» առաջացմանը։

Русский