ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գործելով նախագահ Դոնալդ Թրամփի անունից, գաղտնի նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին․ հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նամակի նպատակը խաղաղ բանակցությունները վերսկսելն ու միջանկյալ ընտրություններից հետո նոր ռազմական գործողության մեկնարկը կանխելն է։
«Վենսը նամակ է ուղարկել Մոհսեն Ռեզայիին... նամակն ուղարկվել է Թրամփի հանձնարարությամբ... Վենսը փորձում է հասկանալ՝ արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են գտնել բավարար ընդհանուր եզրեր՝ համոզելու Թրամփին չտալ վերջնական հրաման՝ առաջիկա շաբաթներին Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնելու համար»,— գրել է պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ուղերձը և դրան հաջորդած շփումները կոնկրետ խաղաղ առաջարկներ չեն պարունակել, այլ կենտրոնացած են եղել խորհրդակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ շրջանակի ստեղծման վրա։
Թերթի աղբյուրների համաձայն՝ որոշումը՝ կապ հաստատել հենց Ռեզայիի հետ (ով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատարն է և իրանական «բազեների»՝ կոշտ գծի կողմնակիցների շրջանում առանցքային դեմք), վկայում է Վաշինգտոնի այն հաշվարկի մասին, որ անվտանգության և ռազմական ոլորտի ազդեցիկ պաշտոնյաների հետ ուղիղ երկխոսությունը կարող է ավելի արդյունավետ լինել։

Русский