Չինաստանում մտահոգություններ են աճում Իրանում հրեական «Մոսսադ» հատուկ ծառայության գործողությունների արդյունավետության վերաբերյալ, գրել է «Modern Diplomacy»-ն:
Չինաստանը այս զարգացումները նկարագրում է որպես «Պանդորայի արկղի բացում», որը սպառնալիք է ներկայացնում համաշխարհային կայունության համար, մինչդեռ երկրի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի հետախուզության ներթափանցումն Իրանի ներքին գործընթացներ ուղղակիորեն ազդում է Պեկինի շահերի վրա, հիմնականում՝ տնտեսական և լոգիստիկ ոլորտներում:
Չինացի վերլուծաբանները այս սպառնալիքը կապում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, քանի որ Իրանի ցանկացած անկայունացում, նրանց կարծիքով, կարող է խաթարել մատակարարման հիմնական ուղիների կայունությունը:
Այս ֆոնին Թեհրանը դիմել է Պեկինին՝ տեխնիկական աջակցության համար: Չինական ընկերություններ (այդ թվում՝ «Chang Guang»-ը) վարձվում են հեռակառավարման մոնիթորինգի և հետախուզության համակարգեր մշակելու համար, որոնք պետք է օգնեն Իրանին ավելի ճշգրիտ հետևել թշնամու գործունեությանն ու նվազեցնել ենթակառուցվածքների խոցելիությունը: Իրանը նաև պլանավորում է ամբողջությամբ անցնել չինական «BeiDou» նավիգացիոն համակարգին՝ հրաժարվելով «GPS»-ից։
Ըստ «Modern Diplomacy»-ի՝ դեռևս 2026 թվականի հունվարին Չինաստանը սկսել է իրականացնել ավելի լայն ռազմավարություն, որն ուղղված է ինչպես «Մոսսադի», այնպես էլ ամերիկյան հետախուզական գործակալությունների կարողությունների չեզոքացմանը։ Իրանին խորհուրդ է տրվել հրաժարվել ամերիկյան և իսրայելական ընկերությունների ծրագրային ապահովումից՝ հօգուտ չինական փակ համակարգերի, որոնք, ըստ Պեկինի, զգալիորեն ավելի դժվար է կոտրել։

Русский