Կա՞ մարդ, որը հետևելով Ազգային ժողովի նիստերին, կարողանում է հստակ պատկերացնել, թե այնուամենայնիվ ինչի՞ մասին են այդ նիստերը, ո՞րն է օրակարգը (ոչ պաշտոնական ներկայացվածը) ու ամենակարևորը՝ ո՞րն է հագուցալուծումը։
Տպավորություն է, որ քննարկումները հախուռն են, միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքները այսրոպեական՝ առանց որևէ արդյունք ակնկալելու։
Յուրաքանչյուր մարդ ասում է այն, ինչ մտքով անցնում է, ինչ իր մեջ կուտակվել է, կամ ինչն ասելու հնարավորություն չի ունեցել նախկինում, գուցե նաև այն պատճառով, որ նախկինում չի եղել պատգամավոր։ Օրինակ՝ մեկը կարող է հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, մյուսը միանգամից անցում անել կրիմինալ բարքերին, երրորդը՝ շեշտել կոռուպցիան, չորրորդը կարող է խոսել ՏԻՄ ընտրություններից, հինգերրորդն էլ՝ թուրքերից։
Ու ամենակարևորը՝ Ազգային ժողովի նիստերը հետաքրքրի են դառնում միայն այն ժամանակ, երբ ավարտվում են դրանք, որովհետև պետք է փաստել, որ ընդմիջումների ընթացքում միայն լրագրողներն են պատգամավորներին վերադարձնում տվյալ պահի իրական օրակարգերին, միայն լրագրողներն են գեներացնում քաղաքականությունը ու միայն լրագրողներն են, որ պատգամավորներին հիշեցնում են ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել 8 տարի առաջ ու ինչի մասին գիտեն բոլորը, այլ մատնանշում են այն գործընթացները, որոնք ընթանում են այս պահին ու որոնց բախվելու ենք մոտ ապագայում։
Ըստ այդմ հարց է առաջանո՞ւմ. ո՞վ է իրականում զբաղվում քաղաքականությամբ, կամ ո՞վ է ստեղծում քաղաքական օրակարգ, պատգամավո՞րը, որը բյուջեից ստանում է հսկայական գումարներ, թե՞ լրագրողը, որն իր ցածր ու միջին աշխատավարձով կատարում է իր աշխատանքային պարտականությունը ու միաժամանակ անում այն, ինչ պետք է աներ պատգամավորը։
Օրինակ՝ եթե մի պահ Ազգային ժողովը լուսաբանող լրագրողները զբաղեցնեին պատգամավորների տեղը, իսկ պատգամավորները՝ լրագրողների, պատկերն էականորեն հակառակ տեսքը կստանար։ Ազգային ժողովի նիստերը կկրեին իրոք քաղաքական բնույթ, բայց ցավալիորեն ճեպազրույցները կդառնային խիստ տաղտկալի, որովհետև լրագրող դարձած պատգամավորները, բացի խոսափողը բռնելուց, դժվար թե կողմնորոշվեին, թե հետո ինչ են անելու։

Русский