Երեկ հերթական անգամ փակվել էին Հանրապետության հրապարակն ու հարակից բոլոր փողոցները։
Պատճառն այլևս կարևոր չէ, որովհետև Հրապարակն իր հարակից փողոցներով փակելը դարձել է սովորույթ, «բարի ավանդույթ»։ Մի օր լինում է մրցաշար, մի օր փառատոն, մի օր էլ ինչ-որ համերգ։
Մինչդեռ Հանրապետության հրապարակը պետք է փակվի բացառիկ դեպքերում, որովհետև այս իշխանությունները չեն կարողանում ընկալել մի պարզ բան, որ եթե բոլորիս համար այն ընդամենը հրապարակ է, որը կարելի է օգտագործել տարբեր առիթներով, քաղաքային ռազմավարության տեսանկյունից՝ Հանրապետության հրապարակը կարևորագույն հանգույց է, որը քաղաքի տարբեր հատվածները կապում է իրար։
Դժբախտաբար Երևանը զրկված է շրջանցող ճանապարհներից, ու երբ պարալիզացվում է Հանրապետության հրապարակը, փակվում են հրապարակ մուտք գործող ճանապարհները, ինքնաբերաբար պարալիզացվում է գրեթե ողջ Երևանի երթևեկությունը։
Բնականաբար ոչ ոք չի ասում, որ Երևանում չպետք է համերգներ, փառատոններ կամ այլ միջոցառումներ կազմակերպվեն, բայց ո՞վ է ասել, որ այդ ամենն անպայման պետք է տեղի ունենա Հանրապետության հրապարակում։ Ո՞վ է ասել, որ յուրաքանչյուր համերգի դեպքում, քաղաքացիները պետք է անցնեն բազմաթիվ անհարմարությունների միջով ու գրեթե բառի բուն իմաստով «ապրեն» խցանումների մեջ։ Եթե մեկը սիրում է համերգ վայելել, մյուսն էլ ցանկանում է շուտ տուն հասնել, եթե մեկը երազում է արժանանալ ինչ-որ գավաթի, մյուսն էլ ընդամենն ուզում է հանգիստ երթևեկել փողոցներով։ Իշխանության պարտականությունը ոչ թե մեկի իրավունքի իրացումն է մյուսի հաշվին, այլ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ բոլորը հնարավորինս բախվեն մինիմալ անհարմարությունների։ Երբեմն տպավորություն է, որ իշխանությունների մոտ երևակայությունը գտնվում է «կոմայի» մեջ, բացակայում է ստեղծագործական մոտեցումը, մտածելը, լուծումներ գտնելը ու ընտրված է ամենահեշտ ճանապարհը՝ փակել Հանրապետության հրապարակն ու վերջ։
Խոսքը իհարկե չի վերաբերում միայն երեկվա հեծանվավազքին, գուցե այդ մրցաշարը անցկացնելու այլ տարբերակ իրականում չկար էլ, բայց երբ այդ ամենը սկսում է դառնալ օրինաչափ, ապա ինչպես ասում են՝ թացը խառնվում է չորի հետ ու սկսում նյարդայնացնել ցանկացած միջոցառում։ Մինչդեռ եթե ամեն ինչ կազմակերպվի գրագետ, ապա հանրության այն հատվածը, որը որևէ մասնակցություն չունի նմանատիպ իրադարձություններին, գուցե շատ ավելի հանդուրժող մոտեցում կցուցաբերի ու գուցե և ողջունի ցանկացած համերգ։
Վերջապես իշխանությունների առաջնային պարտականությունների մեջ է մտնում նաև քաղաքացիների կյանքը հարմարավետ դարձնելը։

Русский