Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված կան իրարամերժ գնահատականներ։ Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Բիշքեկում Փաշինյանը հայտնվել էր արդարացողի դերում ու խեղճի կերպարով էր նստած Պուտինի առջև, մյուս մասն էլ կարծում է, որ Փաշինյանը խրոխտ կարգավիճակում էր ու համարձակորեն հակադարձում էր Պուտինի յուրաքանչյուր փաստարկին։
Իրականում այս երկու մոտեցումներն էլ չափազանցված են, որովհետև Բիշքեկում չհնչեց գրեթե այնպիսի դիրքորոշում, որի մասին ավելի վաղ չէր խոսվել ու որը նորություն կլիներ կողմերի համար։ Հանդիպման ընթացքում կարմիր թելի պես անցնում էր այն օրակարգը, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, ընդ որում հանրաքվեի միջոցով, ինքը նախընտրում է հետագա ճանապարհը դեպի ԵՄ անդամակցություն, թե՞ մնում է ԵԱՏՄ կազմակերպությունում, քանի որ երկուսի համատեղումն անհնար է։ Նման պահանջ Պուտինը դրել էր արդեն տևական ժամանակ, ինչին էլ Փաշինյանի կողմից հնչեց նույն պատասխանը, որ երբ ժամանակը գա, մենք կկայացնենք մեր որոշումը, լինի հանրաքվեի միջոցով, թե՝ ոչ, բայց այս պահին այդ ժամանակը դեռ չի եկել։
Ընդհանուր առմամբ սա էր ամբողջ տրամաբանությունը, մնացած գնահատականները նմանվում են Մարկ Տվենի խոսքերին. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»։
Ամենակարևորը, որ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում, ժամանակի շահումն էր, որը ձեռնտու էր երկուստեք, որովհետև նոր աշխարհակարգի ձևավորումը դեռևս գտնվում է ակտիվ փուլում ու որևէ մեկը չի շտապում արագ որոշումներ կայացնելու։ Հանդիպմանը, կարծես, ուրվագծվում է տեսանելի ժամանակահատվածի համար այն մոտեցումը, որ Հայաստանը չի դիմի ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, իսկ ԵԱՏՄ-ն չի հեռացնի Հայաստանին։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամագրման հայտ ներկայացնելուն, ապա միայն հայտ ներկայացնելը դեռևս այն բավարար պայմանը չէ, որպեսզի համարվի, որ Հայաստանը վերջնականորեն խզում է իր կապերը աշխարհաքաղաքական մյուս բևեռների հետ։ Այնպես որ այս «անորոշ» վիճակը ձեռնտու է թե՛ Փաշինյանին, թե՛ Պուտինին, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կանգնեցնելու է տնտեսական աղետի առջև, իսկ Ռուսաստանի քաղաքական իմիջին հասցվելու է հերթական հարվածը, որն այս պահին գտնվում է բավականին խախուտ վիճակում։

Русский