Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները սեպտեմբերին Թուրքիայում գաղտնի հանդիպում են անցկացրել. սա կողմերի միջև առաջին հայտնի ուղղակի շփումն է եղել 2024 թվականի վերջին Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո։ Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցություններին քաջատեղյակ վեց աղբյուրներ։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը նախաձեռնել էին Թուրքիայի անվտանգության և հետախուզական ծառայությունները, և դրա նպատակը լարվածության թուլացումն էր։ Սիրիական կողմը հավաստիացրել է «Հըզբոլլահին», որ Լիբանանում ռազմական գործողություն չի իրականացնի խմբավորմանը զինաթափելու նպատակով։ Իր հերթին, Դամասկոսը խմբավորմանը խնդրել է դադարեցնել սահմանով զենքի մաքսանենգությունը և ցրել մնացած բջիջները, հատկապես՝ Սիրիայի հարավում։
«Հըզբոլլահի» ներկայացուցիչներն ուղղակի պատասխան չեն տվել այդ պահանջներին, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի ներքին գործերին։
Աղբյուրները նշել են, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անվտանգության հարցերի շուրջ, թեև վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։ Հանդիպմանը չի մասնակցել «Հըզբոլլահի» հիմնական հովանավոր Իրանը։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թեհրանը տեղյակ է եղել բանակցությունների մասին, սակայն դժգոհ է մնացել դրանցում անմիջականորեն ներգրավված չլինելու փաստից։

Русский