Հայաստանում վարակները չեն նահանջում, շարունակվում է դիտվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
«Սեզոնին բնորոշ ակտիվություն է, չնայած նախորդ շաբաթվա համեմատ բարձր է հիվանդացության ցուցանիշը, բայց համահունչ է սեզոնին»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, այս տարվա 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 15 հազար 151 դիմելիություն, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.2 անգամ։
Գրանցված դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում։
Ինչո՞ւ վարակները չեն նահանջում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեին, որ վիրուսները ժամանակին չտարածվեին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի հետ:
«Այն գործառույթը, որ պետք է արվեր պետության կողմից վարակի էպիդեմիոլոգիական շղթան կտրելու համար ոչինչ չի արվել։ Դեռ երբ առաջին անգամ ՀՀ-ում հայտնաբերվեց H3N2 վիրուսը, ես բարձրաձայնեցի և նշեցի, որ սա տարբերվում է մյուս սեզոնային գրիպի վիրուսներից, պետք է հստակ միջոցառումներ իրականացվեն, օրինակ՝ ինչպես եղել էր H1N1-ի դեպքում 2016թ-ին։ Իսկ այս վիրուսից սկսեցին խոսել միայն հայտնաբերելուց 2 կամ ու կես շաբաթ հետո, ուշացած միջոցառում էր, պետք է հստակ մոնիթորինգ արվեր, որը չի արվել»,- նշեց Պողոսյանը։
Ըստ Պողոսյանի՝ պետք է միջոցառումներ իրականացվեին, որ վարակի տարածումը կանխվեր՝ դպրոցներում օնլայն դասընթացներ անելուն, մանկապարտեզներում ևս համապատասխան միջոցառումներ իրականացվեին և այլն։
«Մանկական բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան, կա բազմաթիվ թոքաբորբի հաստատումներ, թիվը, որը հայտարարում են, միայն հոսպիտալացվածների թիվն է, բուն հիվանդացության տվյալներ չկան։ Իսկ ասուլիսը, որ օրերս իրականացվել է վերջերս, պետք է արվեր դեռ մեկ ամիս առաջ, անգամ դա է ուշացած»,- ասաց Պողոսյանը։
Տոնական օրերին ամեն տարի շատ են վարակների թվերը, ինչի՞ց է այդպես լինում, կարո՞ղ են քաղաքացիները կանխել Նոր տարվա օրերին վարակների տարածումը:
«Նոր տարվա օրերին երեխաները գնում են արձակուրդ, դպրոցներից բերում են վիրուսը, տանը խոցելի խմբերին՝ տատիկ և պապիկներին, մեծահասակներին վիրուսը փոխանցվում է, ինչպես նաև հյուր գնալու ընթացքում ևս լինում է վիրուսի տարածում, այս վիրուսի պրոֆիլակտիկան պետք է արվեր մեկ ամիս առաջ»,- հայտնեց Պողոսյանը։
Մարիաննա Արամյան

Русский